Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կատարելագործում է խաղատների եւ առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները: ՊԵԿ զարգացման եւ վարչարարության ռազմավարական ծրագրի համաձայն` արտերկրի փորձագետների հետ համագործակցությամբ մշակվում է խաղային ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզ` միջազգային չափանիշներին համապատասխան:Ինչպես հայտնել են ՊԵԿ-ում, Հայաստանի տարածքում գործող բոլոր կազմակերպիչների խաղային սարքավորումները եւ ինտերակտիվ հարթակները միավորվելու են մեկ սերվերում` տեղային ցանցում եւ միանալու են մոնիտորինգային կենտրոնին: Եվ այդ սերվերում իրական ժամանակում գրանցվելու են կատարվող բոլոր խաղադրույքները եւ ստացվող շահումները:ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումը վերհանելու է ինչպես առցանց խաղերի, այնպես էլ կենդանի խաղերի կազմակերպիչների կամ տեղային խաղատների գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը: «Կենդանի խաղերի մասով վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ կենդանի խաղի սեղանների դրամական շրջանառության մասով ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով խաղատներում նախատեսում ենք ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ: Դա հնարավորություն կտա հսկել խաղային պրոցեսը իրական ժամանակում, մասնավորապես` չիպերի տեղաշարժը խաղատան սրահներում, խաղացողների կողմից գնված խաղանիշերի եւ վճարված շահումների գործընթացը»,- նշել է ՊԵԿ շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը: Կառավարության Թվայնացման խորհրդի նիստում հավանության արժանացած մոնիտորինգային կենտրոնի գաղափարը իրականություն դառնալուց առաջ օրենսդրական ձեւակերպում պետք է ստանա: Մշակվում է խաղային սարքավորումների եւ ծրագրային ապահովումների պարտադիր պահանջների սահմանման եւ իրավական ակտերի փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Գոհար Զաքարյանը վստահեցրել է, որ արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ոլորտի ֆինանսական հոսքերը եւ գնահատել փաստացի իրացման շրջանառությունը. «Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ խաղերի կազմակերպիչների գործունեության հսկողությունը թույլ կտա նաեւ բացառել փողերի լվացման դեպքերը եւ օրենքի պահանջներին չհամապատասխանող սարքավորումների կամ ծրագրերի կիրառումը»: Խաղացողների իրավունքների պաշտպանությունը եւ ոլորտի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվող կարգավորումները կոմիտեն պարբերաբար քննարկում է նաեւ ոլորտի տնտեսվարողների հետ: Tweet Դիտում՝ 1592