Արմսվիսբանկի ֆինանսավորմամբ վերազինվել է Արզնու թռչնաֆաբրիկան եւ գործարկվել արեւային կայանը

28.12.2020 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմսվիսբանկ #«Արզնու տոհմային ԹՏԽ»
Դեկտեմբերի 25-ին կայացել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի՝ տեխնոլոգիական նոր լուծումներով վերազինված թռչնանոցների եւ շահագործման հանձնված արեւային կայանի բացման շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցում էին գործընկեր-բանկ հանդիսացող Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալներ Գրիգոր Հովհաննիսյանը եւ Արկադի Փինաչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը եւ մի շարք գործարարներ:

Ինչպես նշել են Արմսվիսբանկում, թռչնաֆաբրիկայի վերազինման եւ արեւային կայանի կառուցման համար ընկերության կողմից կատարվել են ավելի քան 670 մլն դրամի ներդրումներ: Սեփական միջոցներից բացի ընկերությունը օգտվել է նաեւ մի շարք արտոնյալ վարկային ծրագրերից:

Թռչնաֆաբրիկայի վերազինման նախագիծը Արմսվիսբանկի կողմից ֆինանսավորվել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում, ինչի շնորհիվ պետությունն ամբողջությամբ սուբսիդավորում է ընկերության տոկոսային ծախերի 100%-ը: Վերազինման շրջանակում ներդրվել են գերմանական հայտնի «Հելման» ընկերությունից ձեռք բերված վանդակային մարտկոցների գերժամանակակից տեխնոլոգիաներ:

Արեւային կայանի նախագիծը ֆինանսավորվել է  Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի EBRD GEFF 2019 ծրագրի միջոցներով: Արեւային կայանի հզորությունը 650 ԿՎտ/ժ է, որը տարեկան արտադրում է շուրջ 1,120,000 ԿՎտ մաքուր էլեկտրաէներգիա, ինչն ապահովում է տարեկան շուրջ 50,000,000 դրամ գումարի ծախսերի տնտեսում: Արդյունքում տարեկան կրճատվում է նաեւ շուրջ 272 տոննա ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ: Արեւային կայանի շահագործումը նույնպես էական ազդեցություն է ունեցել ընկերության էլեկտրաէներգիայի ծախսերի տնտեսման եւ արտադրանքի ինքնարժեքի նվազման վրա՝ ապահովելով արտադրական գործընթացների սնուցումը արտադրված սեփական էլեկտրաէներգիայի միջոցով:

Արեւային կայանը նախագծվել եւ տեղադրվել է «Մուլտի Սոլար» ընկերության կողմից, ընդ որում, 2020թ. ընթացքում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի քանակը 4%-ով գերազանցել է նախանշված ցուցանիշը:

«Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Գեւորգ Ջանվելյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է վերազինված թռչնանոցները եւ վերազինման ազդեցությունն արտադրական գործընթացների վրա: «Մենք արտադրական պրոցեսների ավտոմատացման եւ էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ տնտեսում ենք էական արտադրական ծախսեր: Թռչուններին ավտոմատ կերակրելու միջոցով էապես կրճատել ենք կերի ծախսերը եւ ունենք արտադրանքի կորուստների շեշտակի նվազում: Ապահովել ենք որակի կառավարման անհամեմատ բարձր մակարդակ: Արդեն ստանում ենք մաքուր եւ անվտանգ արտադրանք»,- նշել է ընկերության տնօրենը:

«Վերազինման միջոցով մեկ թռչնանոցի կտրվածքով շեշտակի ավելացրել ենք միաժամանակ պահվող թռչուների քանակը՝ 22 հազարից հասցնելով մինչեւ 70 հազարի: Արտադրանքի ինքնարժեքի նվազեցումը թույլ կտա զարգացնել մեր արտահանման հնարավորությունները եւ կարճ ժամանակում կրկին մուտք գործել Վրաստանի շուկա: Ինչ վերաբերում է շահագործմանը հանձնված արեւային կայանին, ապա պետք է ընդգծեմ, որ այն մեզ տալիս է էներգետիկ անկախություն եւ գրանցել ենք սպասվածից ավելի լավ արդյունքներ: Այս ծրագրերի իրականացումը հնարավոր դարձավ Արմսվիսբանկի հետ բազմակողմանի,  արդյունավետ եւ ճկուն համագործակցության արդյունքում, որի համար շատ շնորհակալ ենք Արմսվիսբանկին եւ նրա անձնակազմին»,- իր հերթին ասել է ընկերության սեփականատեր Գեղամ Ջանվելյանը:

«Ընկերության եւ բանկի համագործակցությունը սկիզբ է առնում դեռեւս 2009թ-ից եւ այսօրվա գործարկված թռչնանոցների վերազինման եւ արեւային կայանի նախագծերը ընկերության հետ արդյունավետ եւ ինտենսիվ աշխատանքի արդյունք են: Շնորհավորում եւ շնորհակալություն ենք հայտնում ընկերությանը եւ վերջինիս անձնակազմին այս նախաձեռնությունների համար: Մենք վստահ ենք, որ ընկերության եւ բանկի միջեւ ձեւավորված համագործակցությունը կլինի շարունակական»,- նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

«Մեզ պետք են ժամանակակից եւ արդյունավետ արտադրություններ, որոնք կլինեն մրցունակ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտասահմանում: Այս արտադրությունը դրա լավագույն օրինակներից մեկն է»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Հիմնական արտադրական հզորությունները կենտրոնացված են գ. Արզնիում: Երկարամյա փորձի եւ բարձր տեխնոլոգիական հագեցվածության շնորհիվ ընկերությունը վերջնական սպառողին է առաջարկում էկոլոգիապես մաքուր եւ որակյալ ձվի, մսամթերքի (հավ, տավար, խոզ) եւ կաթնամթերքի լայն տեսականի, եւ հանդիսանում է տվյալ ոլորտի ընդգծված առաջատարներից մեկը:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկի ռազմավարական ուղղություններից է հանդիսանում նաեւ վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արեւային կայանների, էներգաարդյունավետության եւ ժամանակակից գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորումը:   
Դիտում՝ 4075
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW