Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր անդրադարձել է հայկական դրամի փոխարժեքի տատանումներին եւ ասել, որ ԿԲ գնահատականների համաձայն՝ «արտարժույթային շուկայում իրական հատվածից հոսքերի տեսանկյունից այս պահի դրությամբ խնդիրներ չեն տեսնում»:«Երբ համադրում ենք իրական հատվածից եկող հոսքերը, որոնք վերաբերում են ներմուծմանը, արտահանմանը, տրանսֆերտներին, միջազգային ուղղակի ներդրումներին, ապա որեւէ արտառոց բան չի դիտարկվում եւ, ֆունդամենտալ առումով, արժութային փոխարժեքի հետ կապված որեւէ խնդիր չենք տեսնում»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Մարտին Գալստյանը նշել է, որ եթե ռազմական դրություն հայտարարելու առաջին օրերին Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա ներկայում այն կրկին նվազել է: Նա նշել է, որ այս երկու գործոնը դրական են ազդում փոխարժեքի վրա: «Այս ամենին զուգահեռ, սակայն ՀՀ-ում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել հավելյալ պահանջարկը: Ապագայի հեռանկարների վերաբերյալ ձեւավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ եւ ֆինանսական համակարգում պորտֆելային, կառուցվածքային տեղաշարժեր եւ արժութային փոխարկումներ են կատարվել: Այստեղ մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների որոշակի բալանսավորում՝ ի օգուտ արտարժույթի, ինչի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ, բնականաբար, արտարժույթի գինը տարել է վերեւ»,- ասել է ԿԲ նախագահը:Մարտին Գալստյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Կենտրոնական բանկը միայն մեկ անգամ է ինտերվենցիա կատարել: Նա նշել է, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի ապագայում, բայց ֆունդամենտալ հատվածում որեւէ ռիսկային բան չեն տեսնում: Նա ասել է, որ ԿԲ-ն հավատարիմ է մնալու իր մանդատին, ինչը վերաբերում է ֆինանսական շուկաների բնականոն գործունեությունը, ֆինանսական կայունությանը եւ գների կայունությանը: Մարտին Գալստյանը նշել է, որ եռամսյակային հարկերի վճարման պայմաններում դրամի նկատմամբ կառաջանա պահանջարկ, ինչը եւս դրական ազդեցություն կունենան դրամի փոխարժեքի վրա: Նա ասել է, որ քննարկումներ են ունեցել նաեւ բանկերի հետ, մի քանի որոշումներ են կայացվել եւ ԿԲ-ն բանկերին շարունակելու է տրամադրել դրամային իրացվելիություն, բացի դրանից՝ այսուհետ տրամադրելու են արտարժույթային իրացվելիություն, որպեսզի խնդիրներ չառաջանան: Tweet Դիտում՝ 2847