Հայաստանը սոցիալ-տնտեսական առումով մոտ է անդունդի եզրին, ինչի մասին են վկայում տնտեսական աճի իրական խնդիրները եւ տնտեսական աճի հասանելիությունը հասարակության տարբեր խավերին, ինչպես նաեւ սոցիալական խոցելիության՝ հատկապես աղքատության եւ գործազրկության բարձր ցուցանիշները։ «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նման գնահատական է ներկայացրել Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը՝ նկատելով, որ, իր ունեցած վերջին տվյալներով, աղքատության մակարդակը 26.4% է, իսկ գործազրկությանը՝ 17.5%, եւ այդ ցուցանիշները կարող են շեշտակի աճել։Նա պարզաբանել է, որ Հայաստանում աղքատության հաշվարկի համար օգտագործվող մեթոդաբանության հիմք համարվող նվազագույն զամբյուղում ներառված են կալորիականության եւ կենսական նյութերի ցածր արժեքներով մթերքներ, մինչդեռ աշխարհում ընդունված առողջապահական նորմատիվներով հաշվարկված նվազագույն զամբյուղի գինն ավելի բարձր է, եւ դրանց մոտ նորմատիվները Հայաստանում կիրառելու դեպքում այստեղ եւս նվազագույն զամբյուղի գինը բարձր կլինի, հետեւաբար, աղքատության ցուցանիշները եւս բարձր կլինեն։Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա դրա ցուցանիշները, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, ավելի բարձր են մարզերում։ Բացի այդ, աշխատանք որոնողների մեջ շատ են հատկապես 16-29 տարեկան երիտասարդները, որոնք ունեն միջնակարգ կրթություն։ «Նրանք մրցունակ չեն աշխատաշուկայում, որովհետեւ չունեն քոլեջի կամ բուհի կրթություն։ Նաեւ պետք է հաշվի առնենք, թե ինչու նրանք այդ կրթությունը չունեն. որովհետեւ կամ աղքատ լինելու պատճառով կրթություն բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն չունեն, կամ բանակ գնալուց հետո չեն ցանկացել ստանալ։ Ստացվում է, որ այդ խմբի երիտասարդների թիվը քանի գնում ավելանում է»,- մանրամասնել է ՀԳՀՄ-ի նախագահը։Շարունակելով աշխատաշուկայի թեման՝ նա նկատել է, որ գործատուները դժվարանում են նույնիսկ բանվորներ գտնել, որոնք կլինեն ուշիմ եւ արագ կողմնորոշվող։ Որակավորված մասնագետների առումով եւս որոշ ոլորտներում կան լուրջ կարիքներ։ «Գործատուների մի մասը սկսել է դրսից հրավիրել մասնագետներ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, եվրոպական կամ ասիական երկրներից, որովհետեւ հատկապես տեխնոլոգները, ինժեներները քիչ են»,- նշել է Գագիկ Մակարյանը՝ նման իրավիճակը պատճառաբանելով այն հանգամանքով, որ Հայաստանի կրթության գերատեսչությունը պարզունակ գործիքներով է գնահատում իր անելիքը, եւ քանի որ կրթությունը իներցիոն գործընթաց է, մի քանի տարի հետո գրանցվող արդյունքներից երեւում է, որ դրանք համաձայնեցված չեն եղել աշխատաշուկայի եւ տնտեսության պահանջարկի եւ պահանջների հետ։Հայաստանը սոցիալ-տնտեսական անդունդի եզրից հեռացնելու համար, նրա կարծիքով, նախ կառավարությունը եւ Ազգային ժողովը չպիտի աշխատեն այն ավանդական մեթոդաբանությամբ, որով մինչեւ հիմա աշխատել են։ «Պետք է հեռանանք երկարաժամկետ քննարկումներից, փաստաթղթերը շաբաթներով, ամիսներով շրջանառելուց, տարիներով ռազմավարություններ չընդունելուց,- ընդգծել է ՀԳՀՄ-ի նախագահը։- Կառավարությունը պետք է աշխատի շտաբի մեթոդով. շտապ, ամեն օր դրվում է խնդիր, երկրորդ օրն ստուգվում է այդ խնդրի լուծումը ինչ փուլում է գտնվում, լուծվել է, չի լուծվել, ինչն է խանգարել, եւ երբ կլուծվի»։Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է կիրառի նորարարական կառավարման մոդել, որը ենթադրում է նախարարների պրոֆեսիոնալ կաբինետ, պրոֆեսիոնալ հարցադրումներ եւ առաջադրանքներ, դրանց պրոֆեսիոնալ կատարում՝ բոլորի ուժերի մոբիլիզացումով, բոլոր շերտերը հաշվի առնելով։Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ Հայաստանի այսօրվա բյուջեն թույլ չի տա ինքնուրույն գլոբալ լուծել ճգնաժամից խուսափելու խնդիրը, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, ՀՀ արտաքին պարտքն այս տարի կհասնի ՀՆԱ-ի 60%-ի, իսկ 2021-ին կդառնա 69%, ՀՀ այս տարվա բյուջեի ճեղքվածքը կավելանա մոտ 75 մլրդ դրամով։ Եվ, բացի միջազգային դոնորներից, միջոցների հայթայթման աղբյուր կարող է լինել Սփյուռքը, ընդ որում, ոչ թե ֆինանսական միջոցներ տրամադրելով։ «Սփյուռքը մեծ բավականությամբ կարող է օգնել՝ Հայաստան ուղարկելով իրենց կողմից օգտագործված կամ ուրիշից գնած օգտագործված գործարանները, որոնք ամիսների ընթացքում կլինեն Հայաստանում եւ կմոնտաժվեն։ Եվ մենք միանգամից կունենանք հսկայական աշխատատեղեր՝ տարբեր ոլորտների արտադրություններ խթանելով,- նկատել է նա։- Վերջին հաշվով, 6 մլրդ ԱՄՆ դոլարի չափ ներմուծում ունեցող երկրում առնվազն դրա կեսը կարելի է արտադրել երկրի ներսում։ Դա վերաբերում է սննդամթերքից սկսած մինչեւ կենցաղային ապրանքներին եւ հագուստին»։Երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ պետությունը պետք է իր գոտին ձգի ծախսերի տեսանկյունից, եւ պետական գնումները կատարի շատ դիպուկ, որովհետեւ դրանք, ՀԳՀՄ նախագահի կարծիքով, լուրջ դերակատարություն ունեն տարբեր ձեռնարկությունների մուլտիպլիկատիվ զարգացման համար։ Նա հավելել է, որ պետական գնումները չպետք է վերաբերեն միայն ճանապարհ ասֆալտելուն, շինարարությանը, այլ պետք է առնչվեն տարբեր ապրանքների։Սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից Գագիկ Մակարյանն անհրաժեշտ է համարել շոկային թերապիայի մեթոդով գործարար միջավայրի շատ արագ պարզեցումը, որպեսզի բիզնեսը հնարավորինս արագ վերականգնվի, արագ սկսի զարգանալ եւ նոր բիզնեսներ առաջանան՝ աշխատատեղեր ստեղծելով նաեւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, հաշմանդամ զինծառայողների, Հայաստան գաղթած արցախցիների եւ այն հայաստանցիների համար, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի։ Կարեւորվեց նաեւ ինքնազբաղվածության ոլորտի հնարավորությունների խթանումը, պարապուրդի մատնված հսկայական թվով գյուղատնտեսական հողատարածքների մշակումը, հատկապես մարզերում գտնվող բազմաթիվ կիսակառույց շենք-շինությունների օգտագործումը սոցիալական բնակարանաշինության համար։ՀԳՀՄ նախագահն ընդգծել է ՀՀ գալիք տարիների բյուջեներում, Ազգային ժողովի օրակարգերում հրատապ լուծում պահանջող խնդիրների ներառումը եւ դրանց լուծման մեջ տարբեր այլ ինստիտուտների՝ նախարարությունների, Սփյուռքի հանձնակատարի, մարզպետարանների, համայնքապետարանների, ավագանիների, հասարական հատվածի եւ բիզնես-կառույցների դերը, որոնք պետք է կոնսոլիդացվեն կառավարությանն օգնելու համար։ «Այս ամենով պետք է գիտակցաբար երաշխիքներ ստեղծվեն առ այն, որ Հայաստանը անվտանգ է, երկրում տնտեսվարողների համար երկարաժամկետ կտրվածքով կան հնարավորություններ եւ իրենց որեւէ ֆորս-մաժորային վիճակ չի սպասվում»,- ընդգծել է Գագիկ Մակարյանը։Նա ուշադրություն է հրավիրել նաեւ Հայաստանում պարենային անվտանգության խնդրի լուծման վրա՝ նշելով, որ խնդիրը կորոնավիրուսի եւ պատերազմի ժամանակաշրջանում չսրվեց գործարարների ճիշտ աշխատանքի շնորհիվ, սակայն այժմ խնդրի լուծումը բարդանում է։ «Արցախում մենք կորցրեցինք հսկայական ցանքատարածություններ եւ ջրային ռեսուրսների մոտ 70%-ը։ Արցախը տարեկան Հայաստանին մատակարարում էր մինչեւ 150 հազ. տոննա հացահատիկ, եւ այդ ծավալները այլեւս չի կարողանա ապահովել»,- նկատել է ՀԳՀՄ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 450 հազ. տոննա հացահատիկ, եւ այժմ դրա չբավարարող ծավալները պետք է այլ աղբյուրներից ներմուծի։ Բացի այդ, հացահատիկի պակասորդը կարող է հանգեցնել Հայաստանում անասնագլխաքանակի նվազման։ Tweet Դիտում՝ 3237