Saxo Bank-ի «ցնցող կանխատեսումները» 2021 թվականի համար

09.12.2020 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Saxo Bank #կանխատեսումներ
Ամեն տարի դանիական Saxo Bank-ը պատրաստում է «ցնցող կանխատեսումներ» համաշխարհային տնտեսության համար: Դրանք կառուցված են քիչ հավանական եւ թերագնահատված իրադարձությունների հիման վրա, որոնք կարող են լրջորեն ազդել ֆինանսական շուկաների վրա: Օրինակ, մեկ տարի առաջ բանկը կանխատեսում էր, որ ԱՄՆ-ում կհաղթեն դեմոկրատները եւ լիովին կվերահսկեն Կոնգրեսը, իսկ դոլարն ուժեղ կթուլանա աշխարհի այլ արժույթների նկատմամբ:

Ներկայացնում ենք Saxo Bank-ի տասը «ցնցող կանխատեսումները» 2021 թվականի համար՝ հրապարակված RBC կայքում։  

1. Amazon-ը «կգնի» Կիպրոսը

Պաշտոնյաների նկատմամբ աճող հակակրանքի պատճառով Amazon-ն իր եվրոպական կենտրոնակայանը տեղափոխում է Կիպրոս եւ այդ երկրում «գնում է քաղաքական իշխանությունը բոլոր մակարդակներում»: Կիպրոսը հույս ունի, որ կորպորացիայի հարկերը թույլ կտան իրեն իջեցնել պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, որը կազմում է գրեթե 100%: Amazon-ը կօգնի Կիպրոսին «վերաշարադրել» իր հարկային օրենսգիրքն  իռլանդական օրինակով՝ միայն թե եկամտահարկի եւ այլ հարկերի դրույքաչափերն ավելի ցածր լինեն:

Սակայն եվրոպական կարգավորիչները կստիպեն Amazon-ին փոխել աշխատաոճը։ Կիպրոսը ստիպված կլինի իր հարկային օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին։

Իր հերթին, ԱՄՆ-ն եւ այլ երկրները 2021թ. հարձակման կանցնեն մենաշնորհների դեմ, որոնք, ինչպես իրենք են կարծում, չափազանց հզոր են դարձել եւ շատ քիչ հարկեր են վճարում:

2. Գերմանիան վճարելու է Ֆրանսիայի համար

Չնայած խթանող միջոցների եւ պետական երաշխիքների ծրագրին, Ֆրանսիային չի հաջողվի խուսափել սնանկությունների ալիքից: Ֆրանսիական խոշորագույն բանկերում բաժնետոմսերի վաճառք է տեղի ունենում: Շահույթն անկում է ապրում, իսկ վարկավորման գործընթացն ուժեղանում է: Saxo Bank-ի կանխատեսմամբ՝ Ֆրանսիան օգնության համար կդիմի Գերմանիային, որպեսզի Եվրոպական կենտրոնական բանկը բավարար քանակի եվրո տպի՝ ֆրանսիական բանկային համակարգի պարտքերի զանգվածային հետգնման եւ համակարգային փլուզումը կանխելու համար։

Առաջիկա տարիներին Ֆրանսիան կհայտնվի ամենաբաձր պարտքային բեռ ունեցող ԵՄ երկրների շարքում։ Ակնկալվում է, որ 2021թ. այս երկրի պետական պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 120%-ը:

3. Բլոկչեյնը կոչնչացնի ֆեյք լուրերը

2021թ. ապատեղեկատվության տարածման եւ լրատվամիջոցների նկատմամբ վստահության խաթարման սպառնալիքը հասնում է կրիտիկական մակարդակի: Խոշոր պարբերականներն ու սոցիալական ցանցերը նոր միջոցներ են ձեռնարկում՝ օգտագործելով բլոկչեյնի հնարավորությունները: Տեխնոլոգիան ինտեգրում է առկա բոլոր նորությունների կոնտենտը եւ հնարավորություն է տալիս ստուգել ինչպես բովանդակությունը, այնպես էլ նորությունների աղբյուրը: Բլոկչեյնը բովանդակության ցանկացած փոփոխություն տեսանելի է դարձնում բոլորի համար:

Twitter-ը եւ Facebook-ը մեծ ներդրումներ են կատարում այս տեխնոլոգիայի զարգացման մեջ: Այլընտրանքային լրատվական կայքերը, համավարակի վերաբերյալ ապատեղեկատվությունը, ընտրակեղծիքների մասին կեղծ ապացույցները՝ այս ամենը վայրկյանական կհեռանան իրենց հարթակներից։

4. Չինական թվային արժույթը

Չինաստանը թողարկում է «էլեկտրոնային վճարումների թվային միջոց» (DCEP)՝ բլոկչեյնի վրա հիմնված յուանի թվային տարբերակ: Սա Չինաստանի Ժողովրդական բանկի կողմից երկրի ֆինանսների թվայնացման հաջորդ քայլն է այն բանից հետո, երբ այստեղ բոլոր վճարումների 80%-ը 2019թ.  կատարվել են WeChat Pay-ի եւ AliPay-ի միջոցով:

Արտասահմանցիներին լիակատար հասանելիություն է տրամադրվում Չինաստանի կապիտալի շուկաներին: Չինական արժույթի կայունությունը եւ բլոկչեյնի թափանցիկությունը կվերացնեն երկրից կապիտալի արտահոսքի ռիսկը:

Թվային յուանը կհամարվի «չապահովված արժույթ», սակայն Չինաստանի իշխանությունները դա դրական կգնահատեն: Սա հնարավոր է դարձնում բացասական տոկոսադրույքները «կանխիկի» համար եւ հեշտացնում է անվանական ՀՆԱ-ի թիրախավորումը:

5. Ջերմամիջուկային տեխնոլոգիա

2021թ. կսկսվի միջուկային սինթեզի առեւտրային օգտագործումը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) կողմից հաստատված SPARC ռեակտորի նախագիծը կատարելագործվում է արհեստական բանականության տեխնոլոգիայի շնորհիվ։

Արհեստական բանականությունը կվերացնի աշխարհում ջրի եւ սննդի պակասը՝  ծովի ջրի աղազերծման եւ ուղղահայաց գյուղատնտեսության շնորհիվ։ Սպասում է էժան տրանսպորտի, համընդհանուր ռոբոտացման եւ ավտոմատացման ժամանակաշրջան: Այսօրվա երիտասարդությունը կլինի վերջին սերունդը, որը կաշխատի իր առօրյա հոգսերը հոգալու համար: Միջուկային սինթեզի էներգիան երկրները կդարձնի անկախ՝ սննդի եւ էներգետիկայի տեսանկյունից: Կյանքի կենսամակարդակը կտրուկ կաճի:

6. Բացարձակ բազային եկամուտը (UBI) կհանգեցնի մեգապոլիսների ամայացմանը

Ավելորդ աշխատատեղերի վերացումը եւ տանից աշխատանքի անցումը հանգեցնում է զրոյական ծանրաբեռնվածության քաղաքային գրասենյակներում: Առեւտրային անշարժ գույքի գները կնվազեն, ներառյալ խանութների եւ ռեստորանների զբաղեցրած տարածքները, որոնք նախկինում սպասարկում էին գրասենյակային աշխատակիցներին:

UBI-ի ներդրումը կփոխի վերաբերմունքը աշխատանքի դերի նկատմամբ: Երիտասարդները կմնան ապրել այնտեղ, որտեղ մեծացել են: Մեգապոլիսներում մասնագետներն ու ցածր որակավորում ունեցող աշխատակիցներն ազատվում են աշխատանքից, աշխատաշուկայում նվազում է առաջարկը։  Մարդիկ սկսում են զբաղվել արհեստներով եւ արվեստով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը նախորդ տարիներին լրջորեն նվազում էր տեխնոլոգիաների զարգացման պատճառով։

7. Քաղաքացիական տեխնոլոգիաների հիմնադրամ

COVID-19-ը մեծապես արագացրել է սոցիալական փոփոխությունները՝ բարձր տեխնոլոգիաների եւ ազատ շուկայի սկզբունքների ազդեցության ներքո: Գնալով ավելի շատ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը գործընթացների ավտոմատացման պատճառով:

Ստեղծվում է Քաղաքացիական տեխնոլոգիաների հիմնադրամ: Յուրաքանչյուր մարդ ստանում է իր կապիտալ ակտիվների մասնաբաժինը: Լրացուցիչ մասնաբաժիներ են տրամադրվում այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը տեխնոլոգիաների զարգացման պատճառով: «Տեխնիկական առաջընթացի համար շահաբաժնի» քաղաքականությունը նվազեցնում է տնտեսական եւ սոցիալական դժվարությունները: Այն սանձազերծում է հսկայական ձեռնարկատիրական էներգիա անհատական եւ հասարակական մակարդակներում:

8. COVID-19-ից հաջողված պատվաստումը կփլուզի բիզնեսները

COVID-19 համավարակը կտրուկ ուժեղացրել է համաշխարհային տնտեսության մեջ պարտքային բեռի կուտակումը: Պետական եւ հուսալի կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը պատմական ամենացածր մակարդակում է, ինչը ստիպում է ներդրողներին անցնել ռիսկային ակտիվների:

Պարզվում է, որ համավարակի ժամանակ տնտեսությունը գերխթանված էր, եւ պատվաստանյութը կիրառելուց հետո այն շատ շուտ հայտնվում է շիկացած վիճակում: Գնաճն աճում է, իսկ գործազրկության մակարդակն արագորեն ընկնում։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (FRS) ապահովում է երկարաժամկետ գանձապետական արժեթղթերի եկամտաբերության աճ`դրանց հետ մեկտեղ ներգրավելով ավելի ռիսկային պարտատոմսեր:

Կորպորատիվ արժեթղթերով դեֆոլտների քանակը կտրուկ աճում է։ Առաջինը փլուզվում են օֆլայն հատվածի մանրածախ առեւտրի մեծ պարտքեր ունեցող ընկերությունները:

9. Պահանջարկ արծաթի նկատմամբ

ԱՄՆ դոլարի թուլացումը եւ բացասական իրական եկամտաբերությունը 2021թ. բարենպաստ են արծաթի՝ որպես նյութական ակտիվի համար:

Ամենից շատ արծաթի գներն աճում են վերջինիս արդյունաբերական կիրառման նկատմամբ արագ աճող պահանջարկի արդյունքում: 2021թ. շուկայում սկսվում է այս թանկարժեք մետաղի իրական պակասը: Քանի որ այն օգտագործվում է արեւային մարտկոցներում, Ջո Բայդենի «կանաչ» էներգետիկայի զարգացման քաղաքականությունը հայտնվում է վտանգի առջեւ։ Դա բացասական է ազդում նաեւ եվրոպական եւ չինական այլ նախաձեռնությունների վրա։

Քանի որ արդյունահանված արծաթի կեսից ավելին ցինկի արդյունահանման ենթամթերք է, արտադրողների համար դժվար է բավարարել ավելացող պահանջարկը:

10. Զարգացող տնտեսությունների վերելքը

2021-ին պարզ է դառնում, որ զարգացող տնտեսությունները լուրջ թերագնահատվել են: Տեխնոլոգիաների ներդրումն այստեղ ավելի լավ է բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը, քան զարգացած երկրներում:

Արբանյակային Wi-Fi-ը կիջեցնի կապի ծառայությունների գները եւ կբարձրացնի տվյալների փոխանակման արագությունը: Այստեղ առաջինը կլինի SpaceX-ի Starlink-ը՝ 2021թ.  վերջին ընկերությունն իր տրամադրության տակ կունենա 1500 արբանյակ: Կշարունակվի ֆինտեխի եւ էլեկտրոնային բանկային համակարգերի հեղափոխությունը՝ միլիարդավոր մարդկանց հասանելիություն ապահովելով թվային տնտեսությանը:

Անօդաչու թռչող սարքերի զարգացումը հեղափոխություն կկատարի առաքման ոլորտում ՝ իջեցնելով խոշոր քաղաքներից հեռու ապրող մարդկանց կյանքի ծախսերը: Ավտոմատացման հետ մեկտեղ անօդաչու տեխնոլոգիաները կբարձրացնեն աշխատանքի արտադրողականությունը գյուղատնտեսության ոլորտում ամբողջ աշխարհում։
Դիտում՝ 2750
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW