«Շուռ տանք սարերը». ՔՈԱՖ-ը դրամահավաք է կազմակերպում

01.12.2020 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՔՈԱՖ #դրամահավաք
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ամենամյա գալա երեկոն փոխարինվում է «Շուռ տանք սարերը» առցանց հեռարձակվող դրամահավաք-միջոցառմամբ։

Դեկտեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով առավոտյան 5։00-ին, ամբողջ աշխարհի հայերը հնարավորություն կունենան միանալու հեռարձակմանը, խորությամբ ճանաչելու ՔՈԱՖ-ի գործն ու անմիջապես մասնակցելու Հայաստանի գյուղերի առջեւ ծառացած խնդիրների լուծման ՔՈԱՖ-յան առաքելությանը։

Միջոցառման ընթացքում հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է Արցախից տեղահանված եւ ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների կեցության ապահովման ծրագրերին, ինչպես նաեւ ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական, երեխայի եւ ընտանիքի ծառայությունների եւ տնտեսական ծրագրերին, որ իրագործվում են Հայաստանի շուրջ 60 գյուղական համայնքներում։

«ՔՈԱՖ-ը ոտք է դնում նոր՝ 2021 թվական շատ ավելի պատրաստված եւ ավելի զորեղ՝ անկոտրում նպատակ ունենալով կառուցել կուռ հասարակություն։ Մեր բոլոր ծրագրերը շարունակելու են ծառայել մեր առաքելությանը՝ զարգացած եւ հզոր երիտասարդների շնորհիվ շենացնելով Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքները»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հենց առաջին օրերից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն իր շահառու համայնքներում ապաստան է տրամադրել Արցախից տեղահանված շուրջ 500 հոգու՝ ապահովելով ամենօրյա սնունդ, կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաներ եւ հագուստ։

Այժմ ՔՈԱՖ-ն աշխատում է նաեւ այդ ընտանիքներին հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ՝ նրանց մատուցելով երեխայի եւ ընտանիքի ծառայություններ, նրանց ներառելով կրթական, առողջապահական եւ տնտեսական ծրագրերում։

«Շուռ տանք սարերը» առցանց դրամահավաք-միջոցառումը վարելու են Լոս Անջելեսի FOX 11 հեռուստաընկերության մեկնաբան եւ հաղորդավաար Արաքսյա Կարապետյանը եւ ՔՈԱՖ-ի Զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը։ Դրամահավաքի վիրտուալ միջոցառման ընթացքում ելույթ կունենան երգչուհի Իվետա Մուկուչյանը եւ ջութակահար Արա Մալիքյանը, ինչպես նաեւ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ Հայաստանից։ Հատուկ ուղերձով հանդես կգան դերասանուհի Անդրեա Մարտինը, Վիկտոր Գարբերը, երաժիշտ Սերժ Թանկյանը եւ ուրիշներ։

Դրամահավաք-միջոցառմանը հնարավոր է հետեւել www.coafgives.org կայքում։ Այս տարի առաջին անգամ այն հեռարձակվելու է նաեւ ԱՄՆ-ի USArmenia եւ ARTN  հեռուստաընկերությունների արբանյակային ալիքներով։

Միջոցառման ընթացքում նաեւ հարգանքի տուրք կմատուցվի ՔՈԱՖ-ի համայնքների հերոս զինվորներին, ովքեր արցախյան 44-օրյա պատերազմում կյանքը նվիրաբերել են հայրենիքի պաշտպանությանը։
Դիտում՝ 1887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW