Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է BritishPetroleum (BP) ընկերության հետ իր հարաբերություններին՝ հերքելով իր անվան հետ կապված միֆերը։Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս կապակցությամբ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Իմ հարաբերությունները BP-ի հետ շատ պարզ են․ 2000-ականների սկզբին, երբ առողջությունս վերականգնեցի եւ այլեւս պետական ծառայող չէի, ազատ մարդ էի, զբաղվում էի գործարարությամբ, ինչպես նաեւ ակադեմիական կյանքով, Քեմբրիջի համալսարանում իմ կենտրոնն ունեի, նաեւ խորհրդատվական ծառայություններ էի մատուցում:Տարբեր ընկերությունների հետ եմ աշխատել, միաժամանակ այդ տարիներին նաեւ գլոբալ էներգետիկ խորհրդի հիմնադիրն էի, հետո՝ նախագահը: Այդ խորհուրդը գործում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Երեք տարի լինելուց հետո ուրիշ նախագահներ եկան: Ինչ-որ իմաստով մասնագիտացած էի ժամանակակից տեխնոլոգիաների, տելեկոմի եւ էներգետիկայի ոլորտներում, եւ BP-ին ինձ առաջարկեց աշխատել իրենց հետ մեկ կոնկրետ ծրագրի շրջանակներում: BP-ն ծրագիր ուներ գնել ռուսական նավթային հսկա ТНК ընկերությունը: Նախ եւ առաջ, ես ճշտեցի մեր ռուս գործընկերների հետ, նրանք մեծ ցանկություն ունեին, ուրախ էին, որ ես պետք է լինեմ հենց այդ բանակցող-խորհրդատուն: Ես չէի բանակցում կոմերցիոն իմաստով, խոսքը քաղաքական տարրի մասին է: Ես լծվեցի այդ գործին: Ընդ որում իմ պայմանագիրը շատ հստակ ասում էր, որ ես միայն ա՛յդ հարցով եմ իրենց հետ աշխատում, իմ պահանջով այդ պայմանագրի մեջ հատուկ կետ մտցվեց, որ որեւէ մեկն ինձնից չի կարող նույնիսկ կարծիք հարցնել Կովկասի մասին, որովհետեւ ես այդտեղ շահերի կոնֆլիկտ ունեմ: Այսինքն, ես չեմ կարող անկողմնակալ կարծիք տալ, որովհետեւ հայ եմ, եւ Հայաստանն ինձ համար ամեն ինչից վեր է: Եվ որեւէ մեկը նույնիսկ չի փորձել: 1-2 տարվա աշխատանքի արդյունքում՝ ոչ միայն BP-ի, այլեւ ռուսական կողմի հետ, ներառյալ Ռուսաստանի արտգործնախարարությունը, էներգետիկայի նախարարությունը, մենք հաջողությամբ ավարտեցինք: Պայմանագիրը ստորագրվեց 2003 թվականի հունիսի 23-ին, ռուս-բրիտանական մեծ բիզնես ֆորումի շրջանակում: Այն ժամանակ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ ջերմ էին։ Այդ ֆորումին, ստորագրմանը ես ներկա էի, ներկա էին նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը, նաեւ BP-ի ղեկավարությունն ու ТНК-ի Միխայիլ Ֆրիդմանը, Վեքսելբերգը, Լեն Բլավատնիկը եւ մյուսները: Այդ օրը հաջողությամբ ավարտվեց, եւ դրանով ավարտվեց իմ գործունեությունը BP-ի հետ:Մնացածը հիվանդագին, շատ ցանկալի, ֆինանսավորված ցանկությունների արդյունք է՝ կապել դա ինչ-որ բացարձակ հիմարությունների հետ»: Tweet Դիտում՝ 2420