Նոյեմբերի 22-ին Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն էր: Այս կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) իր երախտագիտությունն է հայտնում բոլոր քաջարի մարտիկներին, ովքեր անմնացորդ նվիրվածությամբ ու անկոտրում հաստատակամությամբ պայքարեցին հանուն հայրենի հողի ու վաղվա օրվա:Հայաստանում նոյեմբերի 22-ը նշվում է նաեւ որպես բանկային աշխատողի օր: Ստեղծված պայմաններում Միության գնահատանքի եւ երախտիքի խոսքն ուղղված է նաեւ համակարգի աշխատակիցներին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում ու թիկունքում միացան համազգային պայքարին:Հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել եւ զորահավաքային շրջանակներում առաջնագիծ են մեկնել առեւտրային բանկերի 412 աշխատակիցներ: Ցավոք, նրանց շարքերում ունենք նաեւ զոհեր ու վիրավորներ:Համակարգն ու աշխատակիցները թիկունքում եւս արել են հնարավորը՝ առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար:Միանալով հայրենիքում եւ աշխարհասփյուռ հայության կողմից նախաձեռնվող եւ Արցախին ուղղված ծրագրերին՝ տարբեր ուղղություններով ցուցաբերվել է նաեւ ֆինանսական եւ հումանիտար աջակցություն: Մասնավորապես՝ դրամական փոխանցումներ են կատարվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Բանկերի եւ համակարգի աշխատակիցների ջանքերով համակարգված աշխատանք է տարվել պարեն, հագուստ, դեղորայք, առաջնային անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու եւ առաջնագիծ հասցնելու, ինչպես նաեւ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով:ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, առեւտրային բանկերի կողմից նախեձեռնվեցին նաեւ հաճախորդների աջակցության ծրագրեր՝ վարկի մարման ժամկետի հետաձգումից մինչեւ վարկերի մասնակի կամ ամբողջական ներումներ:«Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության եւ ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարեւոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:ՀՀ կառավարության որոշմամբ 2003թ.-ից նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1993թ.-ի այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: Banks.am-ը առաջարկում է վերհիշել դրամի ստեղծման պատմությունը: Tweet Դիտում՝ 3809