Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով Էդուարդո Էռնեկյանին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում: Մենք այս ընթացքում նաեւ հեռախոսազրույց ենք ունեցել, քննարկել մեր անելիքները եւ Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից հնարավոր ներդրումային ծրագրերը: Ուրախ եմ, որ Դուք կորոնավիրուսի պայմաններում եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգեւորությամբ եք վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Ձեր կողմից իրականացված նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»: Էդուարդո Էռնեկյանը նշել է, որ հետեւողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը եւ կարեւորել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը: Վարչապետը եւ արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը եւ հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։Նիկոլ Փաշինյանը եւ Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից եւ փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։ Tweet Դիտում՝ 1545