Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեքստիլի, փայտամշակման ու կահույքագործության ոլորտներում գործող ընկերություններին ներկայացրել է ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնները: Նախարարությունից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համատեղ մշակման փուլում են գտնվում Պետական (մունիցիպալ) գնումների նպատակների համար ԵԱՏՄ տարածքում ապրանքի ծագման երկրի հավաստման Կարգը, ինչպես նաեւ Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնները։ Կարգին կից հավելվածում ընդգրկված են մի շարք արդյունաբերական ապրանքներ, որոնց մասով ծագման երկիրը որոշվում է որոշակի տեխնոլոգիական եւ արտադրական պայմաններին համապատասխան, եւ այս դեպքում ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնորդվում են կոոպերացիոն սկզբունքով։ Վարոս Սիմոնյանը նշել է, որ նոր կանոններին համապատասխանելու համար անհրաժեշտ է գրանցվել ռեեստրում։ Նա հայտնել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել տնտեսվարողներին իրենց արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Նախարարի տեղակալը հորդորել է հանդիպման մասնակիցներին ուսումնասիրել փաստաթղթերն ու ներկայացնել առաջարկություններ, որոնք ըստ անհրաժեշտության կարտացոլվեն փաստաթղթերի վերջնական տարբերակներում՝ բացառելով արտադրողների համար ոչ շահավետ կետերի կամ պահանջների առկայությունը։ Tweet Դիտում՝ 1578