ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ֆինանսական կազմակերպությունների կապիտալի եւ իրացվելիության մակարդակն այս պահին բավարար նախադրյալներ է ստեղծում ճգնաժամին դիմագրավելու համար։ Նա միաժամանակ նշել է, որ ֆինանսական կազմակերպություններն անմասն չեն մնացել համավարակի անբարենպաստ ազդեցությունից, ինչը, սակայն, այս պահին չի խաթարել ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը։ Անդրադառնալով բանկային ակտիվներին, ակտիվներ-ՀՆԱ հարաբերակցությանը, Մարտին Գալստյանը նշել է, որ 2008-ից մինչ օրս համակարգը մոտավորապես վեց անգամ աճել է։ «Ինչ վերաբերում է վարկեր-ավանդներ հարաբերակցությունը, ապա Հայաստանում ավանդները բարձրացել են վարկերին զուգընթաց։ Վերջին ճգնաժամի հետ կապված՝ ավանդների աճի տեմպը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը որոշակիորեն շարունակել են աճել։ Մի մտավախություն ունենք, որ եթե եկամուտները չվերականգնվեն, առողջապահական իրավիճակն ավելի երկար տեւի, քան մենք ակնկալում ենք, տնային տնտեսությունների ու ընկերությունների եկամուտի որոշակի նվազում դիտվի, ապա հնարավոր է, որ վարկերը եւս աճի տեմպի դանդաղում ունենան»,- ասել է նա։ ԿԲ նախագահն առանձնացրել է հիմնական վարկատեսակներից 3-ը՝ հիփոթեքային վարկերի շուկա, որի տարեկան միջին աճի տեմպը եղել է 15%, 84 մլրդ դրամից աճելով մինչեւ 417 մլրդ-ի, սպառողական վարկեր՝ 175 մլրդ-ից աճել է մինչեւ 957 մլրդ, տարեկան աճը մոտավորապես 16%, բիզնես եւ գյուղվարկեր, որոնք արձանագրել են ամենաարագանցիկ աճ՝ 360 մլրդ-ից հասել են 2 տրլն 157 մլրդ ցուցանիշի։ «Հատկանշական է, որ այս տարի բիզնես վարկերը եւս առաջանցիկ աճ ունեն՝ պայմանավորված նաեւ Կառավարության հակաճգնաժամային ծրագրով ու բիզնեսներին տրամադրվող սուբսիդիաներով»,- ասել է ԿԲ նախագահը։ Նա նաեւ նշել է, որ արտակարգ դրության պայմաններում բանկերն ու մյուս ֆինանսական կազմակերպությունները առանց խախտումների իրականացրել են հաճախորդների սպասարկումը։ «Բանկերն արագ արձագանքել են ստեղծված իրավիճակին եւ կամավոր տրամադրել վարկային արձակուրդներ։ Ֆինանսական աղբյուրների սակավության պայմաններում բանկերը շարունակել են տնտեսության վարկավորումը, այդ թվում՝ ապահովելով կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 1905