Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են «Արարատի գինու գործարան» ՍՊԸ, ծանոթացել խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը։ Գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանն ասել է, որ պետական աջակցության ծրագրերի շրջանակում, իտալական ու բուլղարական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում խաղողի մթերման պայմանների բարելավման, նոր հոսքագծերի բացման, կոնյակի գինենյութի նորագույն պահամանների տեղադրման, արտադրամասերի ծավալային օգտագործման հնարավորության վերափոխման եւ ընդլայնման ուղղությամբ։ «Այն ամենն, ինչ կապված է խաղողի մթերման, կոնյակի գինենյութի հնեցման եւ կուպաժավորման, էգալիզացիայի եւ հետկուպաժային հանգստի հետ, բոլոր այս շինարարական եւ տեխնիկական աշխատանքները ներկա պահին մեծ թափով իրականանում են»,- նշել է Արմեն Սարգսյանը։ Շրջայցի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի կառավարության՝ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներին օժանդակելու եւ խաղողի գնումների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավվելու որոշումները։ Արմեն Սարգսյանն ասել է, որ այս տարվա խաղողը լավագույն պայմաններով մթերելու հնարավորություն է ստեղծվել։ «Եթե նախկինում գործարանում մինչեւ 18-20 հազ. տոննա խաղող էր մթերվում, ապա այս տարի տեխնիկական եւ տեխնոլոգիական հզորությունների ավելացման, ինչպես նաեւ պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ նախատեսվում է մթերել մինչեւ 25 հազ. տոննա խաղող»,- ասել է գործարարը։էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ասել է, որ անկախ համավարակով պայմանավորված դժվարություններից՝ ոլորտում շարունակվում են կապիտալ ներդրումները։«Արտադրողները ոչ միայն լրացուցիչ պահամաններ են կարողացել ձեռք բերել պետական օժանդակության ծրագրերով՝ լիզինգով, այլեւ կարողացել են ներդրումներ կատարել իրենց ագրովերամշակող սարքավորումները կատարելագործելու եւ թարմացնելու համար»,- նշել է փոխնախարարը: Tweet Դիտում՝ 3027