Կանաչ կլիմայի հիմնադրամը հաստատել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ մշակված ծրագիրը, միտված Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանը, գյուղական վայրերում կանաչ աճի խթանմանը, ինչպես նաեւ անտառների դիմակայունության մեծացմանը: «Կլիմայի փոփոխության հետեւանքով Հայաստանի բարձրակարգ անոթավոր բույսերի տեսակների ավելի քան 15%-ը վերացման սպառնալիքի տակ է գտնվում։ Ըստ կանխատեսումների՝ վերջինիս հետեւանքով կարձանագրվի կիսանապատային եւ անապատային տարածքների 30%-ով ընդարձակում, ինչը կարագացնի անապատացման գործընթացը։ Հաճախակի դարձած ամառային երաշտները եւ ջրային պաշարների սակավությունը կնվազեցնեն ծառերի աճի տեմպերը եւ կավելացնեն վնասատուների ու հիվանդությունների հանդեպ ընկալունակությունը։ Միաժամանակ, անտառային եւ դաշտային հրդեհների հաճախականությունն ու ուժգնությունը կարող են ավելի ինտենսիվ բնույթ ստանալ, ինչի հետեւանքով մինչեւ 2030թ. հնարավոր է 14 000-ից 17 000 հա անտառային տարածքների կորուստ»,- նշված է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հաղորդագրության մեջ:Կանաչ կլիմայի հիմնադրամի ութամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն $18.7 մլն է, կիրականացվի ՊԳԿ-ի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Աշխատանքների իրականացմանը ֆինանսապես կաջակցեն նաեւ Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Բոլցանո ինքնավար նահանգը եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։ «Բնության եւ նրա էկոհամակարգերի վերագործարկումը հնարավորություն կտա երկրին օրինակելի մոդել դառնալ ածխածնի կրճատմանն ուղղված ծրագրերի եւ կլիմային հարմարեցված անտառաբուծության համար»,- ասել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:Թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում Լոռու մարզը եւ հարավում Սյունիքի մարզը՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից եւ աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաեւ կարեւոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Ագրոանտառաբուծության ոլորտներում ներդրումների եւ կարողությունների զարգացման միջոցով ծրագիրը ջանքեր կգործադրի անտառային տարածքների ընդլայնման եւ ածխածնի քանակների նվազեցման ուղղությամբ՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը, նպաստելով անտառվերականգնմանը եւ անտառապատմանը, եւ, վերջապես, ներդնելով անտառների կայուն եւ կլիմային հարմարված կառավարման գործելակերպեր։ Ծրագրի հիմնական մեխը մասնավոր հատվածի ներգրավումն է առավել լայնամասշտաբ ազդեցության հասնելու համար, ինչպես նաեւ երկարաժամկետ կայունության ապահովումը`գյուղական բնակավայրերին էներգաարդյունավետ ջեռուցման վառարաններ տրամադրելով:«Ֆինանսավորելով երկրում ցածրարժեք, էներգախնայող վառարանների ներդրումը, ծրագիրը կբարձրացնի գյուղական վայրերում ապրող մարդկանց իրազեկվածությունը մատչելի ջեռուցման վառարանների մասին, ինչը թույլ կտա տնային տնտեսություններին խնայողություններ անել, ինչպես նաեւ օգտակար կլինի հանրությանը՝ օրինակ, նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը», - ասել է ՊԳԿ ծրագրի ձեւավորման թիմի ղեկավար Ջակոպո Մոնզինին։Ծրագրի համար առանցքային է բազմաթիվ շահառուների ներգրավումը: Ազգային մակարդակում ծրագրի սեփականության իրավունքը առավելագույնի հասցնելու նպատակով՝ նախապատրաստական աշխատանքների ընթացքում խորհրդակցություններ են կազմակերպվել նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, հետազոտական ինստիտուտների եւ միջազգային կազմակերպությունների փորձագետների մեծ խմբի հետ: Tweet Դիտում՝ 2207