Քաղաքացիները դեղ ներմուծելու նոր հնարավորություն են ստացել

18.08.2020 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #դեղեր #ներմուծում
Քաղաքացիներն այսուհետ կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված համապատասխան որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։

Նախքան որոշման ընդունումը դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ ներմուծել միայն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս՝ մինչեւ 10 անվանում դեղ, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով:

Միաժամանակ ՊԵԿ-ը զգուշացնում է, որ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ՀՀ տեղափոխվող դեղերի նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ  հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով մաքսային մարմիններն իրականացնելու են ֆիզիկական անձի եւ դեղերի վերաբերյալ տվյալների հաշվառում։

«Անհրաժեշտ է իմանալ, որ ֆիզիկական անձանց կողմից կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները գերազանցելու պարագայում դեղերը կարող են տեղափոխվել միայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության առկայության դեպքում՝ նույն որոշմամբ հաստատված կարգի 49-52-րդ կետերով սահմանված ընթացակարգով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված հավաստագրի հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է նոր հնարավորությունից օգտվելիս զերծ մնալ չարաշահումներից, մասնավորապես` թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր տեղափոխելուց։ Հնարավորության դեպքում նախքան ներկրումը համոզվել, որ դեղերը չեն պարունակում վերոնշյալ նյութերը։
Դիտում՝ 3518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW