Euromonitor International հետազոտական ընկերության հրապարակած զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակն ու ներդրված սահմանափակող միջոցները հանգեցրել են ընդհատակյա արտադրության եւ ապօրինի առեւտրի ակտիվացմանը։ Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, «Ապօրինի առեւտուրը կորոնավիրուսի ժամանակ» հետազոտության մեջ նշվում է, որ որոշ երկրներում կառավարությունները սկսել են վերահսկել այս կամ այն ապրանքատեսակների առաջարկն ու վաճառքը, ներազդելով դրանց արտադրության ծավալների եւ տարածման վրա։ Որպես օրինակ բերվում են անհատական պաշտպանության միջոցները՝ դիմակներն ու ձեռնոցները։ Դրանից բացի, սահմանափակվում էին այնպիսի ապրանքատեսակների արտադրությունը կամ վաճառքը, որոնք, կառավարությունների տեսանկյունից, համավարակի պայմաններում չեն հանդիսանում առաջին անհրաժեշտության ապրանքներ, օրինակ, ոգելից խմիչքներն ու ծխախոտը։ Բոլոր այս միջոցները զգալիորեն վնասել կամ փոխել են գոյություն ունեցող մատակարարման շղթաները, ապրանքների տարածման համակարգերն ու դրանց հետ կապված տնտեսական գործունեությունը։ Euromonitor-ը նշում է, որ համավարակի հետեւանքներից կարելի է առանձնացնել ապօրինի առեւտրի ակտիվացումը, որի պատճառով տնտեսությունն ու իշխանությունները միլիարդավոր դոլարների եկամուտ են կորցրել։ «Տնտեսության որոշ հատվածներում անդրսահմանային կազմակերպված հանցավոր խմբավորումներն օգտվել են ոչ արդյունավետ կարգավորիչ ռեժիմից, ապրանքների մատակարարումների ընդհատումներից, սպառողական տրամադրությունների փոփոխությունից, ինչպես նաեւ գների մեծ տարբերությունից»,- ընդգծել են փորձագետները։ Ապօրինի առեւտրից առավելապես տուժած ոլորտներից են դեղագործությունը, հիգիենայի պարագաները, կենցաղային քիմիան, ծխախոտն ու ոգելից խմիչքները։Օրինակ, Մալայզիայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում իշխանությունները սահմանափակում կամ արգելք էին սահմանել ծխախոտի վաճառքի վրա, որը գիտնականների կարծիքով, ավելի է խորացնում հետեւանքները COVID-19-ով վարակվածների համար: Արդյունքում ծխախոտի գինը Հարավաֆրիկյան Հանրապետությունում աճեց երեք անգամ, ինչը հանգեցրեց մաքսանենգության աճին եւ կոնտրաֆակտ ապրանքների արտադրությանը: Մեկ այլ օրինակը Ֆրանսիայում տիրող իրավիճակն էր, երբ կառավարությունն արգելեց վերավաճառել դիմակները, վախենալով, որ դա կհանգեցնի գների կտրուկ աճի։ Այս արգելքի, ինչպես նաեւ անբավարար վերահսկողության եւ անհրաժեշտ քանակությամբ դիմակների օրինական արտադրության համար ռեսուրսների բացակայության արդյունքում երկիրը ստիպված էր դիմակայել դիմակների մաքսանենգության հոսքին. միայն ապրիլին իշխանություններն առգրավել էին €30 մլն-ի մոտ 500 հազ. մաքսանենգ դիմակներ։Համավարակի պայմաններում ակտիվացած ապօրինի առեւտրի մասշտաբները գրավեցին միջազգային կազմակերպությունների ուշադրությունը։ Այսպես, Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հաշվարկներով՝ համաշխարհային տնտեսության կորուստներն ապօրինի առեւտրից 2020թ. կհասնեն $2,2 տրլն-ի, ինչը կազմում է գլոբալ ՀՆԱ-ի 3%-ը։ Tweet Դիտում՝ 4310