Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անդրադարձել է գյուղատնտեսությունը (բուսաբուծություն եւ անասնաբուծություն) եւ ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի դինամիկային 2019-2020 թվականների հունվար-մայիս ամիսներին:2020-ի հունվար-մայիս ամիսներին 2019-ի նույն ամիսների համեմատ գյուղատնտեսությունը եւ ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալը արձանագրել է 2,5% աճ՝ կազմելով $51,2 մլն: «Բանջարեղեն եւ որոշ ուտելի արմատապտուղներ եւ պալարապտուղներ» խմբի արտահանման ծավալներն արձանագրել են 14,5% աճ՝ կազմելով $26,14 մլն: Հիմնական արտահանման ուղղությունը ՌԴ-ն է եղել, իսկ աճը պայմանավորված է հիմնականում լոլիկի արտահանման 34,2% աճով՝ կազմելով $18.66 մլն, որը գերազանցապես իրացվել է ՌԴ-ում, ինչպես նաեւ «սունկ, գետնասունկ, դդմիկ, սմբուկ, սպանախ, ձիթապտուղ, պղպեղ» ենթախմբի ծավալների 32,3% աճով: Սա էլ հնարավորություն է տվել մեղմել մյուս ապրանքատեսակների գծով արձանագրած անկումը՝ մասնավորապես վարունգի արտահանման ծավալների 32,6% անկումը: Դիտարկվող ժամանակահատվածում ձկան (թարմ, կենդանի եւ այլն) արտահանման ծավալները կրճատվել են 13%-ով՝ կազմելով $10,85 մլն՝ պայմանավորված թարմ ձկի արտահանման ծավալների 13,7%-ի կրճատմամբ` կազմելով $10,35 մլն, որը այս ապրանքային խմբի արտահանման ծավալների շուրջ 95% է կազմել, իսկ վերջինիս արտահանման ծավալների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ:«Ուտելի մրգեր եւ ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղեւ ու դդմի կճեպներ» ապրանքային խմբի կտրվածքով արձանագրվել է 16,3% անկում՝ կազմելով $7,19 մլն: Անկումը հիմնականում պայմանավորված է խնձորի, տանձի, սերկեւիլի արտահանման ծավալների 71,3%-ի կրճատումով: Ապրանքների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ: Այս կրճատումը մեղմվել է «ելակ, մոշ, մորի, թութ, հաղարջ, կիվի, նուռ» ապրանքային ենթախմբի արտահանման ծավալների 88,4% աճով՝ կազմելով $3,54 մլն, եւ այլն: Կենդանի կենդանիների արտահանման ծավալների 88% աճ է արձանագրվել՝ կազմելով $2,84 մլն: Այս աճը պայմանավորված է հիմնականում դեպի Իրաք կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանմամբ (աճը կազմել է 215,3%), Արտահանման ծավալների 64,5%-ը բաժին է ընկել կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանմանը, իսկ 35,6%-ը՝ կենդանի ոչխարների եւ այծերի արտահանմանը:«Կենդանի ծառեր եւ այլ բույսեր, կոճղեզներ եւ բույսերի այլ նույնանման մասեր. հատած ծաղիկներ եւ զարդաբույսեր» ապրանքային խմբի կտրվածքով արձանագրվել է արտահանման ծավալների 20,7% անկում՝ կազմելով $2.28 մլն: Այս անկումը հիմնականում պայմանավորված է «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ եւ դեկորատիվ կանաչ» ենթախմբի արտահանման ծավալների 27,1% անկմամբ (արտահանման ծավալների գերակշիռ մասը բաժին է ընկել դեպի ՌԴ արտահանման ծավալներին): Դիտարկվող ժամանակահատվածում «սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ եւ համեմունքներ» ապրանքային խմբի արտահանման ծավալներն աճել են 13,2%-ով՝ կազմելով $1,90 մլն՝ գերազանցապես պայմանավորված սուրճի արտահանման ծավալների 13,5% աճով, որն այս ապրանքային խմբի արտահանման ծավալների շուրջ 97,8% է կազմել, իսկ վերջինիս արտահանման ծավալների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ:ՏԶՆԿ փոխանցմամբ՝ 2020-ի գյուղատնտեսությունը եւ ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալի փոփոխությունը գերազանցապես պայմանավորված է լինելու դեպի ՌԴ արտահանման ծավալների փոփոխությամբ: Tweet Դիտում՝ 1594