Կորոնավիրուսի համավարակի պայմաններում տնտեսական իրավիճակը կարելի է համեմատել կոտրված ոտքով մարդու հետ, բայց վիրահատության փոխարեն նրան փորձում են բուժել ցավազրկող դեղերով ու հակաբիոտիկներով:Ինչպես հայտնում է «Ինվեստ-Ֆորսայտ»-ը, նման համեմատություն է արել սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը՝ «Ատլանտի» բիզնես ակումբի հանդիպման ժամանակ:Երբ տեղի են ունենում լուրջ աղետներ, նշում է Վարդանյանը, հնարավոր է շոկային ազդեցություն առաջանա, երբ արտակարգ իրավիճակում դուք կարող եք կոտրված ոտքով անտառում կիլոմետրեր անցնել: Սովորական կյանքում դա պարզապես անհնար է:«Զգացողություն կա, որ ամեն ինչ կկարգավորվի, բայց կա նաեւ վտանգ, որ մենք այժմ գտնվում ենք դրական վիճակում (կարանտինի չեղարկումից հետո), եւ մեզ կհասնի ոչ թե երկրորդ ալիքը, այլ առաջինի հետեւանքները՝ ներառյալ տնտեսական»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:Նրա խոսքով՝ նման բան արդեն եղել է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Այժմ կա համավարակ, շատ խնդիրներ են ի հայտ եկել տնտեսություններում եւ կյանքի բազմաթիվ ոլորտներում, բայց դրանց կեսը պարզապես «սվաղել են»:«Վտանգը, որ ոտքի վիրահատության փոխարեն ցավազրկող կտան, շատ մեծ է: Ճգնաժամը բացահայտում է ինչպես լավ, այնպես էլ վատ երեւույթներ, եւ այժմ ծագել են հարցեր, որոնց պատասխանը չեն փորձում գտնել: Օրինակ՝ ի՞նչ ձեւաչափով պետք է օգնություն տրամադրվի փոքր եւ միջին բիզնեսին, ինչպիսի՞ն պետք է լինի օգնության եւ հարկերի հարաբերակցությունը, ինչպե՞ս լուծել սնանկության եւ մեծ թվով ընկերությունների փակման հարցը, ի՞նչ անել գործազրկության հետ: Շատերը չեն մտածում այս հարցերի շուրջ եւ չեն ցանկանում քննարկել դրանք»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 4351