Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գեննադի Կալգաշկինի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ ## գործակալությանը ու Banks.am պորտալին##- 2007 թ. աշնանը դուք նշանակվեցիք “ԱրմենՏելի” բջջային բիզնեսի տնօրեն, իսկ այս տարվա սկզբին դարձաք նաեւ ողջ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարը: Ի՞նչ եք հասցրել անել այս ժամանակահատվածում, ինչպիսի՞ հիմնական անելիքներ եք ծրագրել: - Եթե խոսում ենք “ԱրմենՏելի” գործունեության բարելավման մասին, ապա առաջինն ինչ աչքի էր ընկնում, դա կառույցի “ծանրությունն” էր: Երկրորդը` ծառայության որակը, երրորդը` կապի որակը: Ծրագրվել են կոնկրետ միջոցառումներ, մշակվել եւ իրագործվել է եռամսյա ծրագիր: Այժմ իրագործվում է օպերացիոն գործունեության երկրորդ եռամսյա ծրագիրը, որի հիմնական նպատակներն են հնարավորինս կարճ ժամկետներում առկա հարցերի լուծումն ու ընկերությունն դուրս բերումը որակապես նոր մակարդակի:Անց ենք կացրել աշխատակիցների ատեստավորում: Կարծում եմ, պատկերացնում եք այդ գործընթացի անցկացման բարդությունը մի ընկերությունում, որն 4 հազարից ավել աշխատակիցներ ունի: Իրագործվում է ուսումնական ծրագիր, որի շրջանակներում առավել մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակիցներին Հայաստանի մարզերում:Ինչ վերաբերվում է ծառայությունների որակին, ապա նախատեսված է աշխատանքների համալիր ծրագիր մարզերում եւ մեր վաճառքների գրասենյակներում` բոլոր այն վայրերում, որտեղ մենք հանդիպում ենք մեր բաժանորդների հետ: Մեր գրասենյակը պետք է սկսվի նրանից, թե ինչպե՞ս այստեղ կդիմավորեն բաժանորդին, ինչպիսի՞ տպավորություն նա կստանա: Այս իմաստով շատ կարեւոր է` ինչպիսի՞ տեսք ունի մեր գրասենյակը դրսից եւ ներսից, որքանո՞վ է այն հարմարավետ մեր բաժանորդների համար: Հուսով եմ, որ բոլոր նախատեսված միջոցառումների իրագործումից հետո “ԱրմենՏելի” դժգոհ բաժանորդների թիվը կսկսի կտրուկ նվազել: Նախորդ տարվա 4-րդ եռամսյակում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կապի որակի բարձրացման հարցերին, ակտիվորեն տեղադրել ենք բազային կայաններ ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Որպես հետեւանք, շատ մարզերում մենք ապահովել ենք կապի որակի էական բարելավում:- “ԱրմենՏելի” բջջային, կամ ֆիքսված բիզնեսներից ո՞ր մեկն է ավելի շատ ջանքեր եւ ժամանակ պահանջում: - Վերոնշյալ հարցերը վերաբերվում են նաեւ “ԱրմենՏելի” ֆիքսված բիզնեսին: Այդ իմաստով, ինձ ինչ-որ չափով ավելի հեշտ է դարձել հարցեր լուծել, քանի որ փորձում եմ դա անել համալիր կերպով: Բաժանորդների հետ շփման կետը միակն է` մեր գրասենյակները, եւ խնդիրը կայանում է նրանում, որ բաժանորդը գոհ մնա անկախ նրանից` նա եկել է բջջային, թե՞ ֆիքսված կապի վերաբերյալ հարցով: “ԱրմենՏելի” վաճառքերի գրասենյակների աշխատակիցները պետք է ունիվերսալ մասնագետներ դառնան` ծառայություններ մատուցելով ինչպես բջջային, այնպես էլ ֆիքսված կապի ոլորտներում: Բնականաբար, այստեղ ի հայտ է գալիս ընկերության կառույցի օպտիմալաման հարցը, որը պետք է բավականին արագ լուծենք: - Ընկերության նախկին ղեկավար Օլեգ Բլիզնյուկն ասում էր, որ “ԱրմենՏելի” առջեւ խնդիր է դրված` մինչեւ 2008 թ. ավարտը դառնալ Հայաստանի լավագույն ծառայություններ մատուցող ընկերությունը: Կարծում եք, որ նշված ժամկետում “ԱրմենՏելը” կլուծի՞ դրված խնդիրը: - Այդ նպատակն ամրագրված է գործողությունների ծրագրով, որն իսկապես հաշվարկված է մինչեւ 2008 թ. ավարտը: Այդ փաստաթղթում շարադրված նպատակները բավականին հավակնոտ են` ինչպես կապի եւ ծառայությունների, այնպես էլ ավելի մեծ քանակով բաժանորդների սպասարկման տեսանկյունից: Ամպագորգոռ խոստումներ տալը նպատակահարմար չեմ համարում, սակայն արդեն այսօր տեսնում եմ մեր ակտիվ գործունեության որոշ պտուղներ եւ հուսով եմ, որ տարեվերջին մենք այդ խնդիրը մեծ հաշվով կկատարենք:- 2007 թ. հուլիսին “ԱրմենՏելը” սկսեց ADSL տեխնոլոգիայով լայնաշերտ ինտերնետի ծառայություններ մատուցել: Ներկայումս այդ ծառայությունը տրամադրվում է Hi Line ապրանքանիշի ներքո: Որքա՞նով հաջող է այն զարգանում: Չե՞ք կարծում, որ սակագները շատ բարձր են: Բացի այդ, շուկայի մյուս մասնակիցները, մասնավորապես “Վիվասելն” ու “Կոմստարը” նույնպես պատրաստվում են զարգացնել Հայաստանում լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: - Մենք սկսեցինք այդ ծառայությունն ակտիվ առաջ տանել անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին: Դրա առաջխաղացման գործընթացն ենթադրում է թիրախային աշխատանք բաժանորդների հետ: Եթե սովորաբար մենք սպասում էինք, որ բաժանորդը կգա մեզ մոտ, ապա այս դեպքում մենք ինքներս ենք գնում բաժանորդի մոտ եւ նրան սպասարկում ենք տանը: Մանրածախ գնով մեծաքանակ տրաֆիկի վաճառքը կորպորատիվ հաճախորդներին միշտ ավելի էժան է ընկերության համար: Ֆիզիական անձանց հետ աշխատելը միշտ էլ բավականին թանկարժեք ծառայություն է եղել: Այս բիզնեսի աճը կբերի տրաֆիկի աճին, եւ այդ պարագայում մենք հնարավորություն կստանանք վերանայել սակագները: Մենք ուշադիր հետեւում ենք շուկային, նմանատիպ ծառայությունների մատուցող մյուս ընկերությունների զարգացմանը: Լայնաշերտ ինտերնետի համար մենք ունենք լրջորեն մշակված ծրագիր, որը հետեւողակորեն իրագործելու ենք: - Ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ շուկայի գրեթե 65%-ը վերահսկում է ձեր մրցակիցը: Ի՞նչ եք մտադիր անել իրավիճակը բարելավելու համար եւ արդյո՞ք հնարավոր եք համարում տեսանելի ապագայում հավասարության հասնելը բաժանորդների քանակի տեսանկյունից: - Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկերոջը շուկայում, քանի որ տեսնում եմ արհեստավարժության բարձր մակարդակ եւ բիզնեսի ճիշտ վարում: Ինչ վերաբերվում է մեր քայլերին, ապա հիմնական խնդիրը հավանական եւ ընթացիք բաժանորդների կողմից “ԱրմենՏելի” հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է: Ընկերությունը դեռեւս կրում է նախկին ժամանակների ստվերը, եւ մենք ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ սկսվել են դրական փոփոխություններ: Այդ զգացողության առկայության պայմաններում ի հայտ կգա նաեւ “ԱրմենՏելի” բաժանորդ դառնալու ցանկությունը:- Այս տարի ՀՀ կառավարությունը մտադիր է արտոնագիր շնորհել բջջային կապի երրորդ օպերատորին: Դուք դա ավելորդություն չե՞ք համարում 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար: - Երրորդ օպերատորը մուտքը տրամաբանական է: Ոչ տրամաբանական կլիներ բազմացնել փոքրածավալ 8-9 օպերատորների, որոնք “կուտեին” շուկայի բաժինը` կրճատելով ոչ միայն իրենց, այլեւ խոշոր խաղացողների շահութաբերությունը եւ հեռահաղորդակցային բիզնեսը դարձնելով անհետաքրքիր ներդրումների համար: Երկրի շահերի տեսանկյունից մրցակցային շուկան օպերատորներին ստիպում է ավելի ճկուն լիներ, ստեղծում է ավելի լավ աշխատելու անհրաժեշտություն, եւ դրանից իհարկե շահում է երկիրը: Ես դա ճիշտ որոշում եմ համարում ազգային շահերի տեսանկյունից եւ կարեւոր է, որ օպերատորների քանակը ապագայում չավելանա:- Կարո՞ղ եք նշել Հայաստանում 3G երրորդ սերնդի բջջային կապի ծառայության ներդրման մոտավոր ժամկետները: - Այդ ուղղությամբ առաջին քայլերը մենք կանենք Երեւանում: Առաջին քայլերը կարվեն ապրիլին: Մենք շահագրգռված ենք, որ դա չլինի ինքնանպատակ ծառայություն: Նպատակն է ետ չմնալ ժամանակից: Կան բավականին թվով բաժանորդներ, ովքեր ցանկանում ենք իրենց տրամադրության տակ ունենալ ամենաարդիական տեխնոլոգիաները, եւ մենք պետք է նրանց որակյալ ծառայություններ մատուցենք: Tweet Դիտում՝ 5830