Ավելի քան 80 միլիոնատեր ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Նոր Զելանդիայից, Դանիայից եւ Կանադայից գործարկել են «Միլիոնատերերը մարդկության համար» (Millionaires for Humanity) նախագիծը, որի շրջանակում դիմել են սեփական կառավարություններին խնդրանքով՝ ավելացնել իրենց հարկերը։«Երբ Covid-19-ը խոցում է աշխարհը, մեր նման միլիոնատերերը առանցքային դեր են խաղում մեր երկիրը բուժելու գործում։ Ոչ, մենք հոգ չենք տանում հիվանդների մասին ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Մենք չենք վարում շտապ օգնության ավտոմեքենաներ, որոնք հիվանդներին հիվանդանոց են հասցնում։ Մենք չենք ավելացնում մթերային խանութների պաշարները եւ չենք զբաղվում սննդի առաքմամբ։ Բայց մենք շատ գումար ունենք։ Գումար, որն անչափ անհրաժեշտ է հիմա եւ անհրաժեշտ կլինի գալիք տարիներին, քանզի մեր աշխարհն ուշքի է գալիս այս ճգնաժամից։ Մենք` ներքոստորագրյալներս, խնդրում ենք մեր կառավարություններին բարձրացնել հարկերը մեր նման մարդկանց համար։ Անհապաղ։ Ըստ էության։ Անընդհատ»,- նշված է բաց նամակում։Նամակի հեղինակների խոսքով՝ Covid-19-ով պայմանավորված խնդիրները չեն կարող լուծվել բարեգործության օգնությամբ, որքան էլ դրանք շռայլ չլինեն։ Միլիոնատերերը գտնում են, որ կառավարությունների ղեկավարները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն անհրաժեշտ միջոցների հավաքագրման եւ դրանց արդար բաշխման համար։ «Մարդկությունը մեր փողերից ավելի կարեւոր է»,- եզրափակել են նրանք։ Նամակի հեղինակների թվում են՝ ամերիկացի հայտնի կինոդերասան Սթիվեն Սիգալը, ամերիկացի մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի թոռնուհի Էբիգեյլ Դիսնեյը, Ben & Jerry’s ամերիկյան պաղպաղակի արտադրության համահիմնադիր Ջերի Գրինգիլդը, բրիտանացի սցենարիստ եւ ռեժիսոր Ռիչարդ Քյորտիսը եւ այլն։ Tweet Դիտում՝ 3881