Հունիսի 29-ին, Zoom հավելվածի միջոցով, կայացել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին բանկի 2019թ. արդյունքները եւ ներկայացվեցին զարգացման հիմնական ուղղությունները: 2019 թ. Յունիբանկն ապահովել է պլանային հիմնական ցուցանիշները`արձանագրելով զգալի հաջողություններ: Մասնավորապես բանկի շահույթը կազմել է մոտ 1,3 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 42%-ով:Հաշվետու տարում Յունիբանկի ակտիվներն աճել են 39.2 մլրդ դրամով եւ կազմել 249 մլրդ դրամ: Վարկային ներդրումները գերազանցել են 141.4 մլրդ դրամը: Պարտավորությունների ծավալը կազմել է 215.2 մլրդ դրամ՝ աճելով 38 մլրդ դրամով:Ավանդների պորտֆելը կազմել է 189.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 38.3 մլրդ դրամով: Թողարկված պարտատոմսերի պորտֆելն աճել է 947 մլն դրամով` հասնելով 9.5 մլրդ դրամի: POS վարկերի քանակով 2019թ. չորրորդ եռամսյակում Յունիբանկը Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք: ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 71 մլրդ դրամ: Յունիբանկի կողմից փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկերի քանակը մեկ տարում աճել է 24% -ով: ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 27 մլրդ դրամ: 2019թ. Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ քարտերի գծով: Թողարկված Visa քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար Visa միջազգային վճարային համակարգի կողմից Յունիբանկն արժանացավ մրցանակի: Տարվա ընթացքում բանկն ընդլայնել է նաեւ սպասարկման ցանցը` բացելով 5 նոր մասնաճյուղ Երեւանում եւ մարզերում: Նախորդ տարի Յունիբանկը նախաձեռնել եւ ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ ներդրել է արհեստական բանականության տեխնոլոգիան` թարմացնելով անգրավ սպառողական վարկերի գծով վարկային սքորինգը:2019թ. բանկի համար տրանզակցիոն բիզնեսի զարգացման տարի էր: Հաճախորդների արտաքին տնտեսական գործունեության զարգացմանն օժանդակելու նպատակով, թղթակցային հարաբերություններ են հաստատվել արտասահմանյան մի շարք բանկերի, այդ թվում` Landesbank Baden-ի (Գերմանիա), Banca Popolare di Sondrio-ի (Իտալիա),Տրանսկապիտալբանկի (Ռուսաստան) հետ:Սոցիալական պատասխանատվության շրջանակում Յունիբանկը շարունակել է սահմանամերձ դպրոցներին իր աջակցության ծրագիրը՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն իր խոսքում նշել է, որ համավարակի պայմաններում քաղաքացիների եւ բիզնեսի օժանդակությանն ուղղված քայլերի շրջանակում Յունիբանկը մասնակցում է կառավարության` փոքր եւ միջին բիզնեսի խթանման, ինչպես նաեւ սոցիալական աջակցության նպաստների վճարման ծրագրերին: Բանկը կատարել է նաեւ վարկերի գծով մարումների հետաձգում եւ տրամադրել վարկերի վերակառուցման հնարավորություն: Մեսրոպ Հակոբյանը նշել է նաեւ, որ այժմ բանկը շարունակում է իր բնականոն աշխատանքը եւ սպասարկում է հաճախորդներին Պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոններին համապատասխան: Յունիբանկի մասնաճյուղերում հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար կազմակերպված սպասարկման ձեւն անգամ համարվել է օրինակելի՝ քանի որ այն ապահովել է ոչ միայն հաճախորդների անվտանգությունը, այլ նաեւ` հարմարավետությունը: Միաժամանակ Մեսրոպ Հակոբյանը մեկ անգամ եւս հորդորել է հաճախորդներին սպասարկվել առցանց տարբերակներով`օգտվելով բանկի մոբայլ հավելվածից (Մոբայլ բանկինգ): Այն հնարավորություն է տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու:Հաշվի առնելով Յունիբանկի 2019թ. ֆինանսական գործունեության արդյունքները, ժողովում որոշում կայացվեց սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժիններ չվճարել եւ մոտ 1.3 մլն դրամ զուտ շահույթն ուղղել բանկի հեռանկարային զարգացմանը, գլխավոր պահուստին հատկացնել 5%: Ժողովի ավարտին Յունիբանկի ղեկավարությունն իր շնորհակալությունը հայտնեց բաժնետերերին եւ հաճախորդներին վստահության, Կենտրոնական բանկին, Հայաստանի բանկերի միությանը եւ Ֆոնդային բորսային՝ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ բանկի աշխատակիցներին՝ թիմային աշխատանքի եւ նվիրվածության համար: Tweet Դիտում՝ 1261