Նախագահը ստորագրել է գույքահարկի մասին օրենքը՝ այն «ժամանակավրեպ» համարելով

01.07.2020 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #գույքահարկ #օրենք
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին ստորագրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանգամանալից ուսումնասիրել են օրենքը եւ դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաեւ օրենքի վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության եւ հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները եւ ներկայացրել Հանրապետության նախագահին:

«Հանրապետության նախագահը օրենքի շուրջ քննարկումներ է ունեցել մասնագիտական հանրության ներկայացուցիչների՝ իրավաբանների, ֆինանսիստների եւ տնտեսագետների հետ:

Հանրապետության նախագահը տեղյակ է օրենքի վերաբերյալ Կառավարության եւ Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաեւ հաշվի առնելով օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, Հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետեւանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու:

Ըստ տարբեր գնահատականների, համավարակով պայմանավորված տնտեսական անկման եւ եկամուտների նվազման պայմաններում օրենքի կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում: Առանձնապես կարող են տուժել թոշակառուները, բազմազավակ ընտանիքները, միայնակ ծնողները, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ գույք ստացած, բայց ներկայումս եկամուտներ չունեցող անձինք, հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերած սեփականատերերը եւ այլք:

Ցավոք, Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով եւ առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք:
Համաձայն Սահմանադրության, Հանրապետության նախագահը կարող է ստորագրել օրենքը կամ չստորագրել, որի արդյունքում միեւնունն է օրենքը մտնելու է ուժի մեջ, կամ դիմել Սահմանադրական դատարան:

Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների եւ իրավաբանների գնահատականների՝ առերեւույթ օրենքի սահմանադրականության խնդիր չկա:
Հետեւաբար, Հանրապետության նախագահը ստորագրել է օրենքը:

Ստորագրելով հիշյալ օրենքը, Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակելու է հետեւել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW