ԿԲ նախագահ. Հայաստանի տնտեսական աճը 2020-ի համար կանխատեսվում է -4%

30.06.2020 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #տնտեսական աճ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ելնելով արտաքին աշխարհի եւ Հայաստանի երկրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության ավելի խորը անկումից, ինչպես նաեւ պայմանավորված ավելի դանդաղ վերականգնման սպասումներով, Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականի համար վերանայվել է առաջին եռամսյակի 0,7%-ից մինչեւ -4%։

Նրա խոսքով՝ հիմնական գործոնը, որը կպայմանավորի վերականգնման հեռանկարները, բնականաբար, առողջապահական իրավիճակն է աշխարհում եւ Հայաստանում։

«Ապագայի վերաբերյալ բարձր անորոշությունը զգալի ազդեցություն է ունենում մարդկանց ու կազմակերպությունների վարքագծի վրա՝ հանգեցնելով սպառման եւ ներդրումների կրճատման, ինչը լրացուցիչ զսպող ազդեցություն է ունենում համախառն պահանջարկի վրա։

Արդյունքում, չնայած գնաճի ընթացիկ մակարդակը համահունչ է առաջին եռամսյակի կանխատեսումներին, սակայն կանխատեսվում է, որ համախառն պահանջարկը կմնա թույլ, նույնիսկ խթանող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, իսկ գնաճը տարեվերջին կկազմի 1,9%։ Միաժամանակ, ԿԲ խորհուրդը, գնահատելով, որ գնաճային սպասումները բավականին խարսխված են, իսկ փողի շուկայում շարունակում են նվազել ռիսկերը, նպատակահարմար գտավ ավելի մեծ քայլով նվազեցնել տոկոսադրույքը՝ մինչեւ 4,5% եւ գտնում է, որ անհրաժեշտ կլինի միջնաժամկետում շարունակել վարել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ կանխատեսվող հորիզոնում գնաճը աստիճանաբար թիրախին վերադարձնելու նպատակով»,- ներկայացրել է ԿԲ նախագահը։


Մարտին Գալստյանը նշել է, որ ռիսկերը բազային սցենարի շուրջ հիմնականում նվազման ուղղությամբ են, իսկ հնարավոր պատճառները կարող են լինել․

- Աշխարհում եւ Հայաստանում համավարակի ավելի դանդաղ հաղթահարումը
- Հակահամավարակային խստացնող լրացուցիչ միջոցառումների կիրառումը
- Սպառողական պահանջարկի կառուցվածքի փոփոխությունները
- Արտադրական շղթաների խաթարումը
- Անորոշության պահպանումը
- Աշխատուժի կարողությունների կորուստը եւ այլն։

«Հենց այս նպատակով գնաճի հաշվետվության մեջ ներկայացված է նաեւ երկու այլընտրանքային սցենար, որոնք նկարագրում են Հայաստանում եւ արտաքին աշխարհում համավարակի հնարավոր անբարենպաստ զարգացումները։ Չնայած այս սցենարները չեն ներառում հարկաբյուջետային քաղաքականության արձագանք, սակայն ակնհայտ է, որ կունենան ավելի մեծ գնանկումային ազդեցություն եւ կարող են պահանջել ավելի խթանող դրամավարկային քաղաքականության իրականացում։

Կարծում ենք, որ նման անորոշության պայմաններում մեր քաղաքականությունը, ավելի քան երբեւէ, պետք է կենտրոնանա մակրոտնտեսական կայունության պահպանման վրա։ Դա նաեւ հնարավորություն կտա ապահովել համավարակի եւ դրա հետեւանքների հաղթահարմանն ուղղված Կառավարության քաղաքականության արդյունավետությունը»,- ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե տնտեսության որ ճյուղերով է պայմանավորված նման կանխատեսումները՝ նա նշել է, որ այստեղ ամենամեծ ազդեցությունն ունեցել են ծառայությունների ու շինարարության ոլորտները, դրան հետեւում է արդյունաբերությունը, իսկ գյուղատնտեսությունն ամենալավ վիճակում հայտնված ճյուղն է:

Ինչ վերաբերում է 2021-ի կանխատեսումներին՝ Մարտին Գալստյանն ասել է. «Մեր գնահատականների համաձայն՝ տնտեսական աճի վերականգնման տեմպը կանխատեսվում է 5,5%»:
Դիտում՝ 2786
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW