«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն Ֆրանսիայի զարգացման գործակալությունից €1.5 մլն-ի վարկ կստանա

17.06.2020 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» #Ֆրանսիայի զարգացման գործակալություն
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը եւ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, ի դեմս իր դուստր «Պրոպարկո»  ներդրումային ընկերության, երկամյա բանակցություններից հետո սկսում են գործընկերություն` կնքելով €1.5 մլն գումարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր:

Ինչպես նշել են «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ում, փոխառությունը տրամադրվում է ՀՀ դրամով, 6 տարի ժամկետով: Պայմանագիրը նախատեսում է նաեւ տեխնիկական աջակցության բաղադրիչ, որը կնպաստի կոոպերատիվի զարգացման նոր հնարավորություններ ձեռք բերելուն:

«Պայմանագրի կնքումը աննախադեպ է, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՀՀ վարկային կազմակերպությունը ներգրավում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն միջազգային ինստիտուցիոնալ ներդրողից: Ֆարմ Կրեդիտ Արմենիայի կայուն զարգացման ռազմավարությունը եւ կիրառվող  վարկային պատասխանատու քաղաքականությունը վստահության հիմք հանդիսացան պայմանագրի կնքման համար:

Հարկ է նշել, որ պայմանագրի կնքումը կատարվում է աշխարհում խորացող համաճարակի ժամանակահատվածում, որը խոչընդոտ չհանդիսացավ գործարքի իրագործման համար:   Ֆինանսական ներդրումը հնարավորություն կտա վարկային կոոպերատիվին մեծացնել գյուղատնտեսության վարկավորման իր գործիքակազմը եւ կհանդիսանա խթան վարկային պորտֆելի աճի համար»,- նշել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն  ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն  իր գործունեությունը ծավալում է միայն ՀՀ մարզերում տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման  վարկեր:

Ֆարմ Կրեդիտն ի սկզբանե որդեգրել է կորպորատիվ կառավարման սկզբունքները եւ իր առաքելությամբ նպաստում է կոոպերատիվ մշակույթի ձեւավորմանը: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007թ. 57 ֆերմերների կողմից եւ այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է շուրջ 9000 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը  մոտ 13 մլրդ դրամ:

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը պետական կառույց է, որը Ֆրանսիայում եւ  աշխարհի 115 երկրներում իրականացնում է կայուն զարգացման եւ միջազգային համագործակցության մասով պետական քաղաքականություն: «Պրոպարկո» ընկերությունը հանդիսանում է վերջինիս մասնավոր հատվածի ֆինանսավորումն իրականացնող դուստր ներդրումային կառույց:
 
Դիտում՝ 5016
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW