ՏԶՆԿ. Տնտեսական ցուցանիշները նվազել են, միջին անվանական աշխատավարձը՝ բարձրացել

09.06.2020 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #տնտեսական ցուցանիշներ #աշխատավարձ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անդրադարձել է 2019-2020թթ. հունվար-ապրիլ ամիսների միջին ամսական անվանական աշխատավարձի դինամիկային:

Դիտարկվող ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն արձանագրել է 9,3% աճ, իսկ 2020-ի ապրիլը նախորդ տարվա համեմատ` 9,8% աճ:

Հետաքրքրական է նկատել, որ միջին ամսական անվանական աշխատավարձն ապրիլ ամսին կազմել է 196,629 դրամ, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը եղել է 192,448 դրամ:

Գծապատկեր 1, Միջին ամսական անվանական աշխատավարձը 2020թ,-ի հունվար-ապրիլին (դրամ)եւ աճի տեմպը (%) 2019-ի նույն ամիսների համեմատ


Ընդհանուր առմամբ, 2020-ի հունվար-ապրիլին 2019-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-ապրիլին (մնացած այլ հավասար պայմանների դեպքում) բացատրվում է հետեւյալով`

- «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համաձայն` նվազագույն աշխատավարձը 2020-ի հունվարի 1-ից 13 000 դրամով բարձրացել է` կազմելով 68 000 դրամ (կուտակային կենսաթոշակի մասնակիցների դեպքում ամսական անվանական աշխատավարձը 17,449 դրամով է բարձրացել, իսկ ոչ մասնակիցների պարագայում` 16,883 դրամով):  

- Օրենսդրական փոփոխության համաձայն՝ շահառուների թիվը շուրջ 237 000 գրանցված աշխատող է (59 000-ը՝ պետական հատվածում, իսկ 178 000-ը՝ մասնավորում):

Սա նշանակում է, որ 2020թ,-ի յուրաքանչյուր ամիս, եթե միջին ամսական անվանական աշխատավարձի կտրուկ կրճատում չարձանագրվի, ապա այդ ցուցանիշները կգերազանցեն 2019-ի համապատասխան ամսվա ցուցանիշին:

Ինչ վերաբերում է 2020-ի ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի 196,629 դրամին, երբ այդ ցուցանիշը մարտին կազմել է 192,448 դրամ, ապա դա բացատրվում է հետեւյալով`

- 2020-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկի ժամանակ նախորդ ամսվա համեմատ չեն ներառվել ավելի քան 9000 կազմակերպության տվյալները, որոնք, համաճարակով պայմանավորված, բոլոր աշխատողներին չվարձատրվող հարկադիր պարապուրդի են ուղարկվել (հիմնականում մինչեւ 80 000 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող փոքր եւ գերփոքր կազմակերպությունների շուրջ 31000 աշխատող):

Հետեւաբար, 2020-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկի ժամանակ հիմնականում ներառվել են ավելի խոշոր համարվող ընկերությունների տվյալները, որի հետեւանքով 2020-ի ապրիլ ամսվա ցուցանիշը գերազանցել է մարտ ամսվա ցուցանիշին:

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի, այդ ընկերությունների տվյալները պայմանականորեն ներառելու դեպքում, 2020-ի ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմեր 190,292  դրամ, ինչը զիջում է 2020-ի մարտի ցուցանիշին: 190,292 դրամի պարագայում 2020-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձը կգերազանցեր 2019-ի նույն ամսվա ցուցանիշին  6,3%-ով եւ ոչ թե 9,8%: Սա իր հերթին նշանակում է, որ ընդհանուր առմամբ նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց համավարակի պայմաններում կազմակերպությունների կողմից վճարվող աշխատավարձերը հիմնականում պահպանվել են եւ կտրուկ կրճատում չի արձանագրվել:

Այսպիսով` չնայած տնտեսության ճյուղերում գրանցվող նվազող ցուցանիշներին, 2020-ի հունվար-ապրիլին 2019-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվում:
Դիտում՝ 1980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW