Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020 թվականը բնորոշում են որպես «նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։«Տարբեր միջազգային կազմակերպություններ՝ այս պահին ունեցած տեղեկություններով, կարծում են, որ ե՛ւ զարգացած, ե՛ւ զարգացող տնտեսություններում կարձանագրվի 3-5% անկում։ Գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021թ. այդ տնտեսությունները կվերականգնվեն նույն չափով։ Կարծում եմ՝ Հայաստանը բացառություն չի լինելու աշխարհի մյուս տնտեսությունների համեմատ։ Աշխարհի հետ համեմատվելիս մենք փոքր տնտեսություն ենք, բայց, իհարկե, կփորձենք արագ կողմնորոշվել ու գործել։ Սա կարեւոր է լինելու վերականգնման ժամանակահատվածում։ 2021-ը լինելու է այն տարին, երբ կորցրածը պետք է վերականգնվի, բայց բառի ոչ ուղիղ իմաստով, որովհետեւ մենք չենք կարող եւ չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսել է այս ամենը (համավարակը)»,- ասել է նախարարը։Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ «նոր աշխարհում», «նոր իրականության» մեջ Հայաստանը պետք է դիրքավորվի այնպես եւ աշխարհին առաջարկի այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք մրցունակ են, պահանջված եւ երաշխավորում են երկարաժամկետ զարգացման հնարավորություն։Նախարարը նաեւ ասել է, որ Հայաստանի կառավարությունն աջակցելու է, որպեսզի տնտեսվարողները կարողանան պահպանել իրենց ներուժը։ «Կարճաժամկետ ժամանակահատվածում կազմակերպությունները կարող են ունենալ ֆինանսական ցուցանիշների որոշակի անկում, բայց կարեւոր է, որ կարողանան պահպանել այն արժեքավորը, ինչը մեկ օրում չի ստեղծվում՝ գիտելիքներ, կարողություններ, անձնակազմ»,- ասել է նախարարը։Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ մարդկանց կյանքներն առաջնային են եւ հույս հայտնել, որ կորոնավիրուսի համավարակի տարածվածությունն այնպիսի թվերի չի հասնի, որ կրկին սահմանափակումների անցնելու կարիք լինի, հակառակ դեպքում կառավարությունը ոչինչ չի բացառում։ «Համավարակի տարածման ե՛ւ ծավալները, ե՛ւ խորությունն ազդում են շատ ոլորտների վրա, բայց կազմակերպվածության եւ կանոններին հետեւելու արդյունքում հնարավոր է հաղթահարման ճանապարհն արագ անցնել ու մոտեցնել վերականգնման ու զարգացման պահը»։ Tweet Դիտում՝ 1344