Որքան է ծախսում Չինաստանը կորոնավիրուսով 1 հիվանդի բուժման համար

08.06.2020 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #կորոնավիրուս #բուժում
Կորոնավիրուսով պայմանավորված թոքերի բորբոքում ունեցող մեկ պացիենտի բուժման համար Չինաստանի կառավարությունը միջինում ծախսում է շուրջ 23 հազ․ յուան (մոտ $3,2 հազ․)։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Պետական խորհրդի կողմից հրապարակած «Պայքար COVID-19-ի դեմ․Չինաստանի գործողությունները» Սպիտակ գիրքը։

«Մայիսի 31-ի տվյալներով՝ վարակի հաստատված ախտորոշմամբ 58 հազ․ պացիենտի բժշկական ծառայությունների հաշիվները ծածկվել են բազային բժշկական ապահովագրության հաշվին: Ընդհանուր ծախսերը կազմել են 1,35 մլրդ յուան կամ 23 հազ․ յուան մեկ անձի համար»,- նշված է փաստաթղթում:

«Ծանր վիճակում գտնվող պացիենտի բուժման համար միջին ծախսերը կազմում են ավելի քանի 150 հազ․ յուան (մոտ $21,2 հազ․), առանձին կրիտիկական ծանր դեպքերում ծախսերը գերազանցում են 1 մլն յուանը (մոտ $141 հազ․)։ Դրանք բոլորը ծածկվել են պետության կողմից»,- ասված է Սպիտակ գրքում։

Ինչպես նշված է փաստաթղթում, մայիսի 31-ի դրությամբ՝ Չինաստանի կենտրոնական եւ տարածաշրջանային կառավարությունները պացիենտների բուժմանը, կանխարգելիչ միջոցներին եւ համավարակի դեմ պայքարի այլ միջոցառումներին հատկացրել են ընդհանուր առմամբ 162,4 մլրդ յուան (մոտ $22,9 մլրդ)։

Փաստաթղթում մանրամասն նկարագրվում են համաճարակի դեմ պայքարում Չինաստանի կառավարության գործողությունները՝ 2019թ․ դեկտեմբերի 27-ից մինչեւ այս տարվա մայիսի վերջ։ Դրանում նաեւ պարզաբանվում է Չինաստանի կառավարության դիրքորոշումը համավարակի եւ դրա պատճառների վերաբերյալ։

Սպիտակ գրքում նաեւ նշված է, թե ինչ գործողություններ է մտադիր իրականացնել Չինաստանը՝ համաճարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության ընդլայնման, կորոնավիրուսի հետազոտման, այլ երկրներին օգնության տրամադրման, ինչպես նաեւ վարակով պայմանավորված հիվանդության կանխարգելման եւ բուժման համար պատվաստանյութերի եւ այլ դեղամիջոցների մշակման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է RBC-ն, պատվաստանյութը մշակելուց եւ փորձարկելուց հետո Չինաստանի իշխանությունները մտադիր են այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհին։

Այս մասին նախօրեին հայտարարել է Չինաստանի գիտության եւ տեխնիկայի նախարար Վան Չժիգանը՝ Սպիտակ գրքի հրապարակմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ Չինաստանում գիտնականները մշակում են առնվազն հինգ պատվաստանյութ։ Դրանցից որոշներն արդեն փորձարկվում են։ Նա նշել է, որ պատվաստանյութի ստեղծման ընթացքում առաջնահերթությունը տրվում է դրա անվտանգությանը, արդյունավետությանը եւ մատչելիությանը։
Դիտում՝ 2908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW