Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը:Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է կառավարության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների, փաստացի ոլորտային արդյունքների, ռազմավարությունների ընթացքի, վարչապետի հանձնարարականների կատարողականի, ինչպես նաեւ գերատեսչության առաջիկա անելիքների մասին:Կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում՝ 2019թ. կատարվել է 56 միջոցառում, 2020թ. առաջին 4 ամսվա արդյունքով՝ 6 միջոցառում: Գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 57 ծրագրի՝ 175 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն՝ 15 ծրագրի՝ 58.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում բարեկարգվել են Տաթեւի վանք տանող ճանապարհը, «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհը, իրականացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման ճանաչողական միջոցառումներ: ԵԱՏՄ եւ երրորդ երկրների միջեւ համագործակցության ամրապնդման շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Սկսնակ գործարարներին աջակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել ծառայությունների եւ արտադրության ոլորտի 400-ից ավելի ներկայացուցիչների եւ 100-ից ավելի գործարարների համար: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվել է 49.4 մլրդ դրամի աջակցություն, գործարարների համար կազմակերպվել են երկու տասնյակից ավելի վեբինարներ, որոնք հասանելի են նաեւ առցանց: Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մեկնարկել է 23 միջոցառում, ընդունվել է գործարար միջավայրի բարելավման ռազմավարությունը: Առաջնահերթ ուղղություններով տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ՝- Պետություն-մասնավոր գործընկերության զարգացման նպատակով մշակվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգերը սահմանող իրավական կարգավորումներ, որոնք նախատեսվում է կիրառել թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի կողմից նախաձեռնությունների ներկայացման դեպքում: - Doing Business-ի բարելավման աշխատանքների շրջանակում ամփոփվել են ըստ պատասխանատու գերատեսչությունների կատարված միջոցառումները, ակնկալվում է որոշ ուղղություններով Հայաստանի դիրքերի բարելավում:- Էկոնոմիկայի նախարարության վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ առաջարկներ են մշակվել՝ անհրաժեշտ գործիքակազմի ձեւավորման, համապատասխան մասնագետների ներգրավման եւ տեղեկատվության հասանելիության օրենսդրական կարգավորումների բարելավման վերաբերյալ: Նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն ունենալ համապատասխան մոդել:Գյուղոլորտի պետական աջակցության շրջանակում իրականացվում է 12 ծրագիր, այդ թվում՝ գյուղոլորտին եւ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում՝ 60 մլրդ դրամ, գյուղտեխնիկայի եւ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցություն՝ ավելի քան 5 մլրդ դրամ: Հողային ռեֆորմի մասով նշվել է, որ նախատեսվում է այն սկսել Արմավիրի եւ Արարատի մարզերից: Միջոցառումներն արդեն մեկնարկել են, իրականացվում են ֆերմերային տնտեսությունների հետ համատեղ: Նախարարի խոսքով՝ համավարակային իրավիճակի որոշակի կարգավորումը կնպաստի մինչեւ տարեվերջ չափելի արդյունքների արձանագրմանը: Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրն արդեն պատրաստ է եւ ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ծրագրում սահմանված են գործընթացի ուղղություններն ու քայլերը: Պատասխանատուների վստահեցմամբ՝ կառավարության հաստատումից հետո այն հնարավոր կլինի սկսել, նախատեսվում է զուգահեռ կազմակերպել նաեւ շահառուների լայն իրազեկման գործընթաց: Գյուղոլորտի հարկային կարգավորումների բարելավման հարցի առնչությամբ նախարարը նշել է, որ դրա նպատակը հարկային ռեժիմների ներդաշնակեցման, լավարկման ճանապարհով փոքր ֆերմերային տնտեսություններին աջակցությունն է եւ տեղական արտադրության խթանումը: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նշվել է, որ այս տարվա հուլիսին կներկայացվի կոնկրետ առաջարկների փաթեթ: Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարության 2019թ. գործունեությունը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատանքներին տեմպ եւ արդյունավետություն հաղորդելու կարիք կա: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ: Tweet Դիտում՝ 918