Կարաչինսկի․Այսօր գլխավոր խնդիրը գոյատեւելն է

05.06.2020 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անատոլի Կարաչինսկի #IBS
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ռուսաստանյան IBS խոշոր ՏՏ ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Անատոլի Կարաչինսկու հարցազրույցից, որը նա տվել է Harvard Business Review կայքին։ Կարաչինսկին Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի ամենահարուստ 200 գործարարների 2020թ․ վարկանիշում զբաղեցրել է 127-րդ տեղը՝  $750 մլն կարողությամբ։

Այն, ինչ տեղի ունեցավ 2008թ․՝ դրա պատճառներն ու հետեւանքները մենք սկսեցինք հասկանալ միայն 2009-ին կամ անգամ 2010-ին։ Իսկ ներկայիս ճգնաժամի պայմաններում մենք այնքան քիչ ենք ապրել, որ դեռեւս լավ չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Եվ հստակ չգիտենք, թե ինչպիսին կլինի իրավիճակից դուրս գալու մոդելը։ Նայեք վերլուծաբաններին, ովքեր տնտեսական մոդելներ են ստեղծում՝ իրենք երկու շաբաթը մեկ վերանայում են իրենց կանխատեսումները։ Չինաստանի հետ, օրինակ, շատ ծիծաղելի բան ստացվեց․ սկզբից կանխատեսում էին, որ չինական ՀՆԱ-ն կնվազի 1,5%-ով, հետո՝ 30 %-ով, իսկ երբ երկիրը սկսեց դուրս գալ ճգնաժամից, սպասումներն արդեն ուրիշ կողմ ճշգրտվեցին։ Եվ սա անվերջ գործընթաց է։

Մենք դեռեւս չունենք բավարար ծավալի տեղեկատվություն, որպեսզի ինչ-որ կանխատեսումներ անենք։

***
Այո, դժվար է լինելու, ավելի վատ, քան 2008 թ-ին, բայց սա տնտեսության վերջը չէ։ Ես մեծ հետաքրքրությամբ հետեւում եմ, թե ինչ է կատարվում Չինաստանում։ Երկիրը փակվեց դեկտեմբերին, բացվեց մարտին՝ երկու-երեք ամիս կոշտ կարանտինից հետո։ Ընդ որում, ավելի կոշտ, քան Եվրոպայում կամ Ռուսաստանում։ Ես զարմացած եմ, թե ինչպիսի արագությամբ է տեղի ունենում չինական տնտեսության վերականգնումը։ Ընկերությունների մոտ կորուստներ եղան, որոշ խաղացողներ սնանկացան, ընդհանուր առմամբ տնտեսությունը դանդաղեց, բայց դրամատիկ որեւիցե բան տեղի չունեցավ։ Եթե վաղը չբռնկվի համավարակի երկրորդ, երրորդ կամ չորրորդ ալիքը եւ ստիպված չլինեն փակվել եւս 4-6 ամսով, ապա երկիրը կհաղթահարի դժվարությունները։

***
Եկեք խուսափենք այնպիսի ընդհանուր հասկացություններից, ինչպիսիք են բիզնեսը, ժողովուրդը, աշխատավորները։ Այս խոսքերը ոչ մի բան չեն նշանակում։ Կան բիզնեսի տարբեր հատվածներ, եւ դրանցից որոշները հսկայական վնաս են կրել համավարակից։ Զբոսաշրջություն, տրանսպորտ, հատկապես՝ ավիացիան, հանրային սնունդ եւ այլն՝ այս բիզնեսները ընդհանրապես պաշտպանված չեն, եւ, հավանաբար, շատ ընկերություններ կփակվեն։ Սուր ճգնաժամը կավարտվի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք ստեղծել պատվաստանյութ եւ պատվաստել բնակչության զգալի մասը։ Բայց դրա համար կպահանջվի բավականին երկար ժամանակ՝ գիտնականները նշում են մինչեւ 3-5 տարի ժամկետը։

Գոյություն ունի հարավկորեական քեյսը, բայց սա շատ փոքր երկիր է՝ օրինապաշտ քաղաքացիներով։ Կա Սինգապուրը՝ սուպերարդյունավետ պետություն։ Կա Չինաստանը։ Ճիշտ է, չինական թվերին քչերն են հավատում՝ որքան մարդ է այնտեղ իրականում հիվանդացել եւ մահացել, ինչ էր կատարվում տարբեր տարածաշրջաններում։ Եվ սա, երեւի թե, ամենավախենալուն է։ Համավարակը հաղթահարելու համար պետք է ունենալ ազնիվ տեղեկատվություն եւ անհրաժեշտ են մարդիկ, որոնք խորը հասկանում են գործընթացները եւ ղեկավարում են այս ամենը։

***
Այսպիսի լուրջ համավարակ աշխարհում վաղուց չէր եղել։ Էբոլան, թռչնի եւ խոզի գրիպը՝ բոլոր այս հիվանդությունները տեղային բնույթ էին կրում, եւ դրանք ի վերջո արագ հաղթահարվում էին։ Եվ դեռեւս հունվարին չկար զգացողություն, որ կորոնավիրուսը կտարածվի ամբողջ աշխարհով։ 2015թ․ես լսում էի Բիլ Գեյթսի ելույթը։ Նա պատմում էր, թե ինչպես են հաղթահարել էբոլան։ Նա ասում էր, որ համավարակի ի հայտ գալու ժամանակ միայն կինոյում են գալիս հատուկ համազգեստով եւ ճամպրուկով մասնագետները եւ հաղթահարում վարակը։ Իրականության մեջ ամբողջ աշխարհում չկարողացան գտնել անգամ հազար պատրաստի մասնագետներ, որոնց կարելի էր ուղարկել Աֆրիկա՝ էբոլայի դեմ պայքարելու համար։ Գեյթսը կարծում է, որ եկել է ժամանակն ավելի լուրջ պատրաստվելու ապագա համաճարակներին։ Եվ նա իրավացի է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք մահանալ մեկ փոքր վարակի պատճառով։

***
Աջակցության միջոցներ ընդունած աշխարհի կառավարություններից շատերը սկսում էին ոչ թե բիզնեսից, այլ կոնկրետ մարդկանցից։ Կանադայում չեն կարծում, որ սա բիզնեսին ուղղված օգնություն է՝ նրանք օգնում են իրենց քաղաքացիներին։ Շատ երկրներում նույնպես ինչ-որ բան անում են, բայց աշխատում են որքան հնարավոր է շատ միջոցներ ուղղել մարդկանց, եթե կա նման հնարավորություն։ Բոլորի մոտ նույն խնդիրն է՝ պետք է բնակչությանը շանս տալ վերապրելու այս երկու-երեք ամիսը եւ ժամանակ շահել։ Այսպիսին է ընդհանուր հայեցակարգը, որը ես տեսնում եմ զարգացած երկրներից շատերում։

***
Հարկային արձակուրդներ պետությունը, երեւի թե, կարող է կիրառել։ Բայց այն չի կարող որոշում ընդունել անշարժ գույքի մասնավոր սեփականատերերի փոխարեն եւ առաջարկել իրենց գնալ զիջումների։ Անշարժ գույքում ներդրումներ կատարածներից  շատերը վարկեր են վերցրել։

Այն, ինչ իրականում տեղի է ունենում բիզնեսում, մենք իմանում ենք ամենաշուտը երկու եռամսյակ անց։ Ունենալով ամբողջական տեղեկատվություն՝ հնարավոր կլիներ տարբեր շուկաների մոդելներ կառուցել, կանխատեսել բավականին մեծ թվով գործընթացներ, եւ այսօր դրա կարիքը մենք շատ ունենք։

***
Իշխանությունները չեն հասկանում, որ բիզնեսը պետության ապագան է։ Սա բոլորիս մեծ խնդիրն է։ Եթե չկա այս գիտակցությունը, ապա ոչ ոք չի փորձում ոչ մի բան անել։

Մի պաշտոնյա ինձ ասաց․ «Ինչո՞ւ մենք պետք է ձեզ օգնենք։ Դուք միլիարդատեր եք դառնում, իսկ ես աշխատում եմ 10 կոպեկի դիմաց»։ Եվ նա արտահայտեց ոչ թե իր, այլ ընդհանուր կարծիքը։ Հուսով եմ, ժամանակի ընթացքում ամեն ինչ կփոխվի, եւ կգան մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչպես զարգացնել բիզնեսը եւ օգնել վերջինիս։ Այսօր այդպիսի մարդկանց մենք չենք տեսնում։

Հիմա գլխավոր խնդիրը մարտավարական է՝ գոյատեւել, կրճատել այն, ինչ հնարավոր է, պահպանել ռեսուրսները, մարդկանց, իրավասությունները։ Լուծելով այս խնդիրները՝ կարելի է մտածել նաեւ ուրիշների մասին։ Բոլորը սիրում են ասել, որ ճգնաժամը հնարավորությունների ժամանակ է, բայց դրանք կարելի է օգտագործել միայն այն ժամանակ, երբ դուք ողջ եք։

***
Ռազմավարությունը միջոցառումների շարք է, որը պատասխանում է գլխավոր հարցին՝ որտե՞ղ ես դու ցանկանում հայտնվել եւ ինչ արդյունքներով։ Բայց երբ ձեզ մոտ այնպիսի անորոշություն է, ինչպես այսօր, եւ դուք չգիտեք՝ ինչի սպասել, ապա ռազմավարությամբ զբաղվելն անիմաստ գործ է։
Դիտում՝ 3700
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW