Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) Banks.am-ին է տրամադրել իր հետազոտությունը, որտեղ ներկայացվում է 2019-2020թթ. առաջին եռամսյակի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը:Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 83,85 մլրդ դրամ՝ աճելով 4,2%, ինչը պայմանավորված է գյուղատնտեսության, ինչպես նաեւ ձկնորսության համախառն արտադրանքի արտադրանքի համապատասխանաբար` 4,5 եւ 3% աճով: Ընդ որում՝ բուսաբուծության արտադրանքն աճել է 27,9%-ով, իսկ անասնաբուծությունը՝ 2%-ով, թեպետ վերջինիս տեսակար կշիռը գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքի կառուցվածքում կազմել է 79,4%: Բուսաբուծության համախառն արտադրանքի այս աճը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 2,8 անգամ ավելի շատ կարտոֆիլ է արտադրվել, 1,2 անգամ ավելի շատ բանջարանոցային մշակաբույսեր, իսկ հատապտղի պարագայում աճը կազմել է 6,5 անգամ:Գծապատկեր 1. Գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքի կառուցվածքը եւ աճի տեմպը 2020թ.-ի առաջին եռամսյակում՝ ըստ ոլորտներիԲանջարանոցային մշակաբույսերի արտադրանքի 1,2 անգամ աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված է հատկապես որոշ մշակաբույսերի արտահանման ծավալների աճով: Լոլիկի արտահանման ծավալներն ավելացել են 64,9%-ով, վարունգինը`11,9%-ով, իսկ սնկի, գետնասնկի, դդմիկի, սմբուկի, սպանախի, ձիթապտղի, պղպեղի դեպքում` 67,7%-ով: Հատապտղի արտադրանքի 6,5 անգամ աճը հիմնականում բացատրվում է «ելակ, մոշ, մորի, թութ, հաղարջ, կիվի, նուռ» ապրանքային խմբի արտահանման ծավալների շուրջ 5,7 անգամ աճով: Դիտարկվող ժամանակահատվածում 1,2 անգամով ավել կարտոֆիլի արտադրանքը հանգեցրել է ՀՀ-ում վաճառվող կարտոֆիլի գների 10,6%-ով անկման: Քանի որ գյուղատնտեսության այս կատարողականին հիմնականում նպաստել է արտահանման ծավալների աճը` հատկապես դեպի ՌԴ, հետեւաբար արտահանման ծավալների փոփոխությունն է նաեւ պայմանավորելու 2020-ին ճյուղի աճի տեմպը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող եւ հակաճգնաժամային միջոցառումներին զուգահեռ: 2019-ին Հայաստանի կառավարությունը նախկին տարիներին իրականացվող ծրագրերին զուգահեռ մեկնարկել է ծրագրեր (Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության, Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության), ինչպես նաեւ լրամշակումներ է իրականացրել առկա ծրագրերում (Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիր, ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման, խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության)՝ ճյուղի արդյունավետությունը, մրցունակությունը բարձրացնելու եւ պարենային անվտանգության որոշակի հարցեր լուծելու նպատակով: Համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակներում կառավարությունը տրամադրում է աջակցություն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար: Կառավարությունը փորձ է կատարել լուծել մի քանի խնդիր՝ աջակցել գյուղատնտեսական մթերքի արտադրությանը, ինչպես նաեւ վերջիններիս մթերման նպատակով աջակցել գյուղատնտեսական մթերք վերամշակողներին` արտադրական ցիկլն անխափան աշխատելու նպատակով: Ծրագրերի միջոցով կառավարությունը փորձում է նաեւ բարձրացնել տեղական արտադրանքի մրցունակությունն` ավելի արդյունավետ մեթոդներով ավելի ցածր ինքնարժեք ստանալու տարբերակով: Խոշոր ֆերմաների հիմնումը Հայաստանին հնարավորություն կտա ավելացնել գլխաքանակը` ապահովելով տեղական պահանջարկը, ինչպես նաեւ տեղական մսամթերքի վերամշակմամբ ավելացնել մսամթերքի արտահանումը: Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքի աճը հիմնականում պայմանավորված է բուսաբուծության արտադրանքի աճով, ինչն իր հերթին բացատրվում է արտահանման ծավալների զգալի աճով: 2020-ին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքի կտրվածքով աճ է ակնկալվում հետեւյալ գործոններով պայմանավորված` բանջարանոցային մշակաբույսերի արտադրանքի արտահանման, ինչպես նաեւ կառավարության կողմից իրականացվող եւ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ստեղծվող արտադրանքի ծավալների աճով: Tweet Դիտում՝ 4067