ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները կարելի է համարել կառավարության կողմից ընդունված 17 միջոցառումների տրամաբանական շարունակությունը:Փոփոխությունների համաձայն՝ սահմանված ժամկետում հարկային պարտավորությունները չվճարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար տույժերի չափը կհաշվարկվի հարկային պարտավորության 0,04%-ի չափով:«2018-ից առ այսօր տույժերի հաշվարկը չէր վերանայվել, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակում տնտեսական ճգնաժամին դիմակայելու անհրաժեշտություն կա, առաջարկվեց օրական տույժերի չափն իջեցնել:Փոփոխությունն ուժի մեջ կմտնի մայիսի 14-ից, որի արդյունքում ապրիլի 21-ից սկսած յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողները 0,075 % չափով տույժի փոխարեն ժամկետանց օրվա համար կվճարեն 0,04 %-ի չափով տույժ»,- ասել է Արթուր Մանուկյանը:Նա նշել է, որ եթե նախկինում տարեկան տույժի հաշվարկը մոտավորապես կազմում էր 27,4%, ապա հիմա այն կդառնա 14,6%. «Սա լավ հնարավորություն է այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք հնարավորություն չեն ունեցել օգտվելու կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներից»:ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ այս փոփոխությունը նաեւ որոշակի սոցիալական ազդակ ունի. «Բացի կազմակերպություններից ու տնտեսվարող սուբյեկտներից՝ տույժի այս հաշվարկը կվերաբերի նաեւ գույքահարկ, հողի հարկ եւ եկամտահարկ վճարող այն ֆիզիկական անձանց, որոնք բիզնես դաշտում չեն»:Մյուս փոփոխությունը վերաբերում է հարկային մարմնի կողմից գույքի նկատմամբ արգելանք դնելուն:«Նախկինում հարկային մարմինը չկատարած հարկային պարտավորությունների չափը 500 000 դրամն անցնելու դեպքում իրավունք ուներ գույքի նկատմամբ արգելանքի կիրառել: Կատարված փոփոխությամբ այդ չափը 3 անգամ բարձրացվեց՝ մինչեւ 1,5 մլն դրամի»,- ասել է Արթուր Մանուկյանը: Tweet Դիտում՝ 2250