Վարտան Դիլանյանի 9 խորհուրդները թոփ մենեջերներին

24.04.2020 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարտան Դիլանյան #թոփ մենեջերներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում IDBank-ի Խորհրդի նախագահ, Ռուսաստանում եւ Ղազախստանում Accenture-ի գլխավոր տնօրեն Վարտան Դիլանյանի հոդվածը՝ հրապարակված Harvard Business Review կայքում:

Covid-2019 համավարակը հաշված օրերի ընթացքում լիովին փոխել է հազարավոր ընկերությունների աշխատանքը։ Շատ ղեկավարներ ստիպված եղան անցնել աշխատանքի հեռահար ռեժիմի, եւ դա հեշտ չտրվեց․ ղեկավարել գործընթացները եւ պատասխանատվություն կրել աշխատակիցների բարօրություն համար այս պայմաններում հատկապես դժվար է։ Ինչպե՞ս պետք է գործի առաջնորդը, որպեսզի պահպանի թիմային ոգին եւ աշխատանքի արդյունավետությունը։

Ինչպես վկայում է 10 երկրում 15 հազ․ աշխատակիցների շրջանում անցկացրած հետազոտությունը, կոլեկտիվին անհրաժեշտ է ղեկավարության աջակցությունը միանգամից երեք մակարդակում։ Բազային մակարդակում՝ հոգեբանական վիճակն է․ մարդկանց դժվար է անցում կատարել նոր ձեւաչափի (տանը հեշտ չէ պահպանել աշխատանքային ժամերը, հաճախ չի հերիքում ինքնակարգապահություն, իսկ շատերին էլ անհրաժեշտ է խնամել երեխաներին եւ տարեց բարեկամներին)։ «Բուրգի» գագաթը՝ հաղորդակցման պահանջն է եւ կապը ընդհանուր գործի հետ․ աշխատակիցներին անհրաժեշտ է զգալ մասնակցությունն այն խնդիրներին, որոնք լուծում է բիզնեսը։

Չկա միասնական սցենար, որը կօգնի։ Սակայն կան մի քանի կանոններ, որոնք հնարավորություն կտան անցնել ադապտացիայի շրջանը եւ պահպանել արդյունավետությունը՝ անգամ հեռահար աշխատանքի պայմաններում։

1. Ստեղծեք թոփ մենեջերներից կազմված «օպերատիվ շտաբ»

Անցումը հեռահար ձեւաչափի պետք է դառնա նորմալ ընթացակարգ, որը հնարավոր կլինի կիրառել նաեւ ապագայում։ Ուստի թարմացրեք ընկերության քաղաքականությունները կարեւորագույն կետերով․ ուղեւորություն (որոնք հնարավոր կդառնան ինքնամեկուսացման ավարտից հետո), աշխատանքի ժամերն ու ձեւաչափերը, հեռահար կապի համար գործիքները, արձակուրդները եւ այլն։ Դա առաջին քայլն է։

Այնուհետեւ անհրաժեշտ է մշակել եւ պայմաններ ստեղծել, որոնք կմեղմացնեն աշխատակիցների վրա ճգնաժամի ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցությունը, օրինակ, այնպիսի հարցում, ինչպիսին է աջակցությունը երեխայի եւ տարեց բարեկամների խնամքին։ Պատմեք մարդկանց՝ ինչպես ավելի լավ կահավորել տան գրասենյակը, սովորեցրեք աշխատել նոր ծրագրերի եւ տեխնոլոգիաների հետ, կազմակերպեք տեխնոլոգիական ենթակառուցվածքը։ Բոլոր այս հարցերին պետք է լուծում տա հենց հատուկ շտաբը՝ կազմված բարձրաստիճան ղեկավարներից եւ անհրաժեշտ մասնագետներից։

2. Մոռացեք հիերարխիայի մասին

Եթե դուք դեռեւս չեք սովորել աշխատել «ճկուն» թիմերում, սկսելու ճիշտ ժամանակն է։ Պարզապես վստահեք ձեր կոլեկտիվին․ հնարավորություն տվեք աշխատակիցներին հաճախորդների հետ աշխատել իրենց համար հարմար, արդյունավետ միջոցով, իսկ մենեջերներին՝ ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իջեցրեք ձեւականության աստիճանը, առաջ եկող խնդիրները քննարկելու համար օգտագործեք չատերը կամ «դեմ առ դեմ» հաղորդակցումը։

3. Ընկերության արժեքները տարածեք այն ամենի վրա, ինչ անում եք

Կարանտինի ժամանակ մարդկանց հատկապես աջակցություն է անհրաժեշտ։ Ոչինչ այնպես չի օգնում միասնական զգալ, ինչպես ընդհանուր նպատակներին հետեւելը։ Իսկ դա նշանակում է, որ ձեր ընկերության արժեքները պետք է հաշվի առնվեն աշխատակցի կամ ղեկավարի յուրաքանչյուր գործողությունում․ ինչո՞ւ են իրենք անում հենց դա եւ հենց այսօր։ Կոլեկտիվին հասցրեք նաեւ ձեր սեփական արժեքները, թող դրանք դառնան ձեր բիզնեսի ձայնը։ Զրուցելով թիմի հետ՝ նախընտրություն տվեք խոսքերին, որոնցում լսվում է էմոցիոնալ աջակցությունը․ դա շատ կարեւոր է առողջ մթնոլորտի պահպանման համար։

4. Կենդանի պատմությունները՝ չոր թվերից լավ են

Այսօր ընկերությունները տվյալների, ցուցանիշների եւ կանխատեսումների մասին հսկայական ծավալներ են հավաքում։ Շատ կարեւոր է, որ աշխատակիցները տեսնեն, որ իրենց կողքին փորձառու, հանգիստ եւ վստահ առաջնորդ է։ Մի ուղարկեք կոլեկտիվին մեծ թվով նամակներ, մի տանջեք մեծ քանակությամբ խորհրդակցություններով, նոր հրահանգներով եւ զեկույցներով։ Ավելի լավ է պատմեք, թե ինչպես են իրենց գործընկերները հաղթահարում ստեղծված իրավիճակը։

5. Ազատեք մարդկանց ոչ առաջնային խնդիրներից

Անորոշության ժամանակներում աշխատակիցներն անհանգստանում են իրենց աշխատանքի եւ եկամտի համար։ Ուստի անհրաժեշտ է հստակ ուրվագծել առաջնահերթությունները եւ ռեսուրսներն ուղղել այն ուղղություններով, որոնք կօգնեն ողջ ընկերությանը հաղթահարել դժվար ժամանակները։ Անհրաժեշտ է ընտրել, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել, իսկ ինչի համար դադար վերցնել։

Դրա համար մշակեք իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ (օրինակ՝ կարանտինի երկարատեւությունը)․ դա հնարավորություն կտա գնահատել անհրաժեշտ ռեսուրսները։ Բացատրեք աշխատակիցներին, որ գործընթացների մի մասը միտումնավոր դադարեցվել է, որպեսզի ընկերության եւ իրենց սեփական բարօրության մասին հոգ տանելու հնարավորություն լինի։ Առանցքային նպատակներին հասնելու համար ստեղծեք աշխատանքային թիմեր՝ հիմնվելով մարդկանց ունակությունների, այլ ոչ թե հաստիքային ժամանակացույցում ամրագրված գործառույթների վրա։

6. Հիշեցրեք թոփ մենեջերներին էմպաթիայի անհրաժեշտության մասին

Ձեր աշխատակիցների ուշադրությունը սեւեռված կլինի այն ղեկավարներին, որոնք կղեկավարեն գործընթացների «վերագործարկումը»։ Հոգ տարեք, որպեսզի այդ մարդիկ մասնագիտական հատկություններից բացի կարողանան ցուցաբերել էմպաթիա եւ հոգատարություն։ Ընտրեք այն թոփ մենեջերներին, որոնց ամենաշատն են հարգում թիմում, եւ հանձնարարեք իրենց հաճախ շփվել աշխատակիցների հետ։ Իրենց ուշադրությունը KPI-ից շեղեք դեպի առաջ շարժվելուն։ Թող յուրաքանչյուր առցանց հանդիպում աշխատակիցների հետ սկսվի ոչ ֆորմալ հաղորդակցումից։ Ավելի մարդկային եղեք։ Աշխատակիցներին հասկացրեք, որ պետք չէ վախենալ ընտանիքը արտադրողականությունից վեր դասել, եւ նորմալ է, եթե առցանց հանդիպման ժամանակ երեխան սենյակ մտնի կամ շունը հաչի։ Պետք չէ ձեւ անել, որ բոլորը նախկինի պես գտնվում են գրասենյակում, այն պարագայում, որ յուրաքանչյուր ոք նստած է իր բնակարանում կամ տանը։

7. Հաղորդակցման մեջ բացեր թույլ մի տվեք

Շփման մեջ վակուում մի թողեք։ Պատասխանեք ձեր աշխատակիցների հարցերին, անգամ, եթե այն ամենը, ինչ կարող եք ասել, հնարավոր է ձեւակերպել՝ «Լավ հարց է։ Մենք չգիտենք, բայց, կլուծենք խնդիրը» արտահայտությամբ։ Պարբերաբար անցկացրեք կարճ հանդիպումներ, որպեսզի ժամանակին հետադարձ կապ ստանաք։

8. Ապագայի համար մշակեք հեռահար աշխատանքի մշակույթ

Արդեն այսօր կարելի է կարեւոր դաս քաղել ստեղծված իրավիճակից․ ընկերությունը միշտ պետք է պատրաստ լինի իր թիմերի մի մասին տեղափոխել հեռահար ռեժիմ։ Միայն այսպես կարելի է կայուն բիզնես կառուցել։ Բարձր եւ միջին օղակների ղեկավարների համար պլանավորեք թրեյնինգներ հեռահար պայմաններում ղեկավարելու վերաբերյալ։ Այսօր եւ երկարաժամկետ հեռանկարում ներդրումներ կատարեք հեռահար թիմերի ստեղծման մեջ։

Խթանեք նրանց, ովքեր առավել արդյունավետ են հեռահար աշխատանքում, մոտիվացրեք իրենց՝ սովորեցնելու ավելի քիչ հարմարեցված գործընկերներին։

9. Թույլ մի տվեք, որ ճգնաժամը կանգնեցնի ձեզ

Օրական երկու ժամ հատկացրեք գլոբալ խնդիրների մշակմանը եւ ընկերությունը ապագային պատրաստելուն։ Սկզբից կթվա, որ դուք աշխատանքային գործընթացից արժեքավոր ժամանակ եք խլում, բայց հավատացեք՝ հենց այդ ժամերը հնարավորություն կտան ձեզ չխորտակվել առօրյա գործերում եւ բիզնեսին զարգանալու խթան տալ։ Համավարակը կվերջանա, իսկ մարդիկ ու բիզնեսը կմնան։
Դիտում՝ 6502
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW