Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի եւ խթանման վերաբերյալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ուսումնասիրություններ է իրականացրել պետական մարմինների կողմից ներդրումային առաջարկներին տրվող արձագանքի որակի առնչությամբ, եւ խորհրդակցության նպատակն այդ դիտարկումների, նաեւ առաջիկա շրջանում ներդրումների խթանման ուղղությամբ անելիքների քննարկումն է: «Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարեւորություն է ունենալու, եւ մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել եւ ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ՊՎԾ ուսումնասիրության արդյունքների քննարկման համատեքստում անդրադարձ է եղել ներդրումային ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին եւ դրանց հնարավոր լուծումներին: Քննարկվել են կառուցապատման, զբոսաշրջության ենթակառուցվածքների, պետական գույքի կառավարման, հուշարձանների պահպանության եւ մի շարք այլ ոլորտներում առկա ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային քաղաքականության խթանմանը միտված ընթացակարգերի արագ, հստակ, որակյալ կազմակերպումն է եւ պետություն-ներդրող գործուն կապի ապահովումը, պոտենցիալ ներդրողներին աջակցությունը: Դրա համար պետք է ֆիլտրել ներդրումային առաջարկները, արձանագրել իրատեսականները եւ հնարավորինս արագ արձագանքել: Tweet Դիտում՝ 969