Երեւան, 13 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի ֆոնդային բորսայում “Վալլետտա” ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկման գրանցմանը: “Վալլետտա” ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկման ծավալը կազմել է 500 մլն դրամ, 10 հազար հատ պարտատոմսեր` յուրաքանչյուրի անվանական արժեքը 50 հազար դրամ, մարման ժամկետը` 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 10,5%: “Վալլետտա” ՍՊԸ երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է երաշխավորված եղանակով` ընդ որում պարտատոմսերի ընդհանուր ծավալի 80%-ը տեղաբաշխվել է տեղաբաշխողների խմբի անդամների միջև (գլխավոր տեղաբաշխող “Արմսվիսբանկ” ՓԲԸ, խմբի անդամներ “Ռենեսա” ՓԲԸ, “Տոնտոն” ՍՊԸ, “Արմենբրոկ” ՓԲԸ և “Ֆյուչր Կապիտալ Մարկետ” ՍՊԸ), իսկ 20%-ը տեղաբաշխվել է բաժանորդագրության միջոցով, որն իրականացվել է “Արմսվիսբանկ” ՓԲԸ կողմից` բաժանորդագրության արդյունքում չտեղաբաշխված պարտատոմսերը իր կողմից ձեռք բերելու պայմանով: “Վալլետտա” ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ընդհանուր ծավալը կազմել էր 350 մլն դրամ, յուրաքանչյուրի անվանական արժեքը` 50 հազար դրամ, քանակությունը` 7 հազար հատ, տարեկան տոկոսադրույքը` 10,5%, մարման ժամկետը` 18 ամիս: “Վալլետտա” ՍՊԸ առաջին թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է երաշխավորված եղանակով` տեղաբաշխողների խմբի անդամների միջև (գլխավոր տեղաբաշխող “Արմսվիսբանկ” ՓԲԸ, խմբի անդամներ “Կոնվերսբանկ” ՓԲԸ, “Զարգացման Հայկական Բանկ” ԲԲԸ և “Ֆյուչր Կապիտալ Մարկետ” ՍՊԸ) 2007 թվականի օգոստոսին: “Վալլետտա” ՍՊԸ ժողովի նախագահ Հենրիկ Զախարյանցն այն ժամանակ նշել էր, որ արժեթղթերի շուկա դուրս գալու ռազմավարական որոշման իրականացմանը մեծապես նպաստել էր Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2007 թվականի սկզբին ընկերությանը շնորհված B- վարկանիշը: “Վալլետտա” ՍՊԸ-ն վարում է դիվերսիֆիկացված գործունեություն, զբաղվելով մասնավորապես, սննդամթերքի եւ կենցաղային տեխնիկայի ներմուծմամբ, դրանց մեծածախ եւ մանրածախ առեւտրով, հասարակական սննդի օբյեկտների շահագործմամբ, մսամթերքի, սուրճի արտադրությամբ եւ այլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7265