Տնտեսական 5 հնարավոր զարգացում՝ ըստ ՏԶՆԿ-ի

24.03.2020 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #կորոնավիրուս #Հայաստան
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակահատվածում:

«2019-ին ներքին պահանջարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 113%, մինչդեռ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը`շուրջ 38%: Սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկով` տնային տնտեսությունների կողմից վերջնական սպառմանն ուղղվող ծախսերով, որոնց ծավալը 2019-ին 2018-ի համեմատ շուրջ 13%-ով աճ է արձանագրել:

Այս աճը նաեւ պայմանավորված է տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալների աճով: 2019-ին տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների ճյուղը եւ արդյունաբերությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ՏԶՆԿ փոխանցմամբ՝ սպասվող զարգացումներն հետեւյալն են`

1. Մեկուսացված լինելու դեպքում հատկապես խնդիրներ կունենան մի շարք ծառայությունների ոլորտի` հատկապես ՓՄՁ-ների ներկայացուցիչները, հարկային պարտավորությունները կատարելու տեսանկյունից, քանի որ վերջիններիս հասույթը կկրճատվի, որի հետեւանքով աշխատակիցներին հարկադիր պարապուրդի կուղարկեն: Կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտի պարագայում հիմնականում խոցելի են  կացության ծառայություններ առաջարկող հյուրանոցները, հյուրատները եւ այլն, որի հետեւանքով այդ ընկերությունները վնասներ կկրեն` պայմանավորված զբոսաշրջիկների թվի կրճատմամբ:

2. Խուճապով պայմանավորված՝ կավելանան տնային տնտեսությունների ծախսերը մի շարք ապրանքների (առաջին անհրաժեշտության) կտրվածքով, որի հետեւանքով տվյալ ապրանքատեսակների դեպքում կարող է որոշակի գնաճ արձանագրվել: Տվյալ ապրանքատեսակներ արտադրողների ծավալները կավելանան, որի հետեւանքով կարող են ավելի շատ հարկեր վճարել` կոմպենսացնելով մի շարք ՓՄՁ-ների չվճարած հարկերը: Առեւտրի տեսանկյունից աճ կարձանագրվի խոշոր առեւտրային ցանցերի կտրվածքով, որը որոշակիորեն կկոմպենսացնի եւ կարող է չեզոքացնել այլ ապրանքների վաճառքի գծով արձանագրված անկումը:

3. Արդյունաբերության տեսանկյունից խոցելի է համարվում մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտը, որի արտահանման ծավալները կկրճատվեն՝ պայմանավորված տարբեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մետաղների նկատմամբ կրճատվող պահանջարկով եւ անկում գրանցող գներով: Միայն վերջին ամսվա կտրվածքով  (2020-ի փետրվարի 19-մարտի 19) պղնձի համաշխարհային գները շուրջ 18,5% անկում են արձանագրել: Այս պարագայում արդյունահանող ընկերությունները կարող են դիմակայել այս անկմանը` ավելի շատ ծավալ վաճառելով: Մշակող արդյունաբերության մի շարք ոլորտներ (սննդամթերքի արտադրություն, դեղագործական արտադրանքի, ծխախոտային արտադրատեսակների եւ խմիչքի արտադրություններ) աճ կարձանագրեն տեղական սպառման աճի շնորհիվ` որոշակիորեն կոմպենսացնելով արտահանման ծավալների կրճատումը (եթե այն գրանցվի): Անկում կգրանցեն հիմնային մետաղների եւ այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները: ՌԴ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ որոշակիորեն կնվազեն սննդամթերքի/գյուղմթերքի եւ ալկոհոլային խմիչքի արտահանման ծավալները դեպի ՌԴ:

4. Ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտը (մասնաբաժինը ծառայությունների ոլորտում` 21,5% 2019-ին) «վարկային արձակուրդների» պարագայում կսահմանփակի նոր տրամադրվող վարկերի ծավալները, ինչպես նաեւ ավելի խիստ պայմաններ կկիրառվեն, որի հետեւանքով ոլորտի աճի տեմպերը կարող են դանդաղել:

5. Սահմանափակումների պատճառով արտագնա աշխատանքի չմեկնելու հետեւանքով որոշ ընտանիքների եկամուտները կարող են կրճատվել, իսկ աշխատանքային միգրանտները դժվարություն կունենան Հայաստանում աշխատանք գտնելու տեսանկյունից:
Դիտում՝ 1373
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW