Յուվալ Նոյ Հարարի․ Մեզ պետք է գործողության գլոբալ ծրագիր

21.03.2020 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յուվալ Նոյ Հարարի #«Աշխարհը կորոնավիրուսից հետո»
Իսրայելացի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» եւ «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակել է «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ այդ հոդվածից։

Գլոբալ համագործակցությունն անհրաժեշտ է նաեւ տնտեսական ճակատում: Հաշվի առնելով տնտեսության գլոբալ բնույթը եւ ապրանքների մատակարարման շղթաները, եթե յուրաքանչյուր կառավարություն իր գործն անի, լիովին անտեսելով մյուսներին, ապա արդյունքը կլինի քաոսը եւ խորացող ճգնաժամը:

Մեզ պետք է գործողության գլոբալ ծրագիր, եւ դա մեզ պետք է շատ արագ: Մեկ այլ անհրաժեշտություն է գլոբալ համաձայնության գալ ճանապարհորդության մասով: Բոլոր միջազգային ճանապարհորդություններն ամիսներով դադարեցնելը հսկայական դժվարություններ կբերի եւ կխոչընդոտի պատերազմը կորոնավիրուսի դեմ: Երկրները պետք է համագործակցեն, որպեսզի գոնե հիմնական ճանապարհորդների մի մասը կարողանա հատել սահմանները՝ գիտնականները, բժիշկները, լրագրողները, քաղաքական գործիչները, գործարարները:

Դա հնարավոր է անել՝ ձեռք բերելով համաձայնություն, որ յուրաքանչյուր երկիր նախնական զննման կենթարկի իր երկրից ճանապարհորդողներին: Եթե գիտեք, որ միայն բուժզննում անցած մարդկանց է թույլատրվում նստել ինքնաթիռ, ապա ավելի պատրաստակամ կլինեք նրանց ընդունել:

Ցավոք, հիմա երկրները դժվար թե անեն նշված քայլերից որեւէ մեկը: Միջազգային հանրությանը հավաքական կաթվածի մեջ է: Սենյակում, կարծես, մեծահասակներ չկան: Ակնկալվում էր, որ արդեն շաբաթներ առաջ կտեսնեինք գլոբալ առաջնորդների արտակարգ հանդիպում, որը կառաջարկեր գործողությունների ընդհանուր ծրագիր: Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդներին հաջողվեց տեսակոնֆերանս կազմակերպել միայն այս շաբաթ, սակայն դա ոչ մի արդյունքի չբերեց:

Նախորդ գլոբալ ճգնաժամերում, ինչպիսիք էին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը եւ 2014-ի էբոլայի համաճարակը, ԱՄՆ-ն ստանձնում էր գլոբալ առաջնորդի դերը: Բայց ԱՄՆ ներկայիս վարչակազմը հրաժարվեց առաջնորդի դերից: Այն շատ պարզ հասկացրեց, որ ավելի անհանգստանում է Ամերիկայի հզորոթյամբ, քան մարդկության ապագայով:

Այս վարչակազմը լքել է նույնիսկ իր ամենամոտ դաշնակիցներին: Երբ այն արգելեց ԵՄ երկրներից բոլոր թռիչքները, վարչակազմն անգամ չփորձեց ԵՄ-ին նախօրոք զգուշացնել սպասվող կտրուկ միջոցառման մասին: Այն սկանդալի ենթարկեց Գերմանիային ՝ իբր թե 1 միլիարդ դոլար առաջարկելով գերմանական դեղագործական ընկերությանը ՝ գնելու նոր «Կովիդ -19» դեմ պատվաստանյութի մենաշնորհային իրավունքները:

Նույնիսկ եթե ներկայիս վարչակազմը, ի վերջո, փոխի գործելաոճը եւ հանդես գա գործողությունների գլոբալ ծրագրով, քչերն են հետեւելու այնպիսի առաջնորդի, որը երբեք պատասխանատվություն չի ստանձնում, ով երբեք չի ընդունում սխալները, եւ ով պարբերաբար իր վրա է վերցնում հաջողության փառքը՝ միաժամանակ մշտապես սխալների համար մեղադրելով ուրիշներին:

Եթե ԱՄՆ-ի թողած դատարկությունը չլրացվի այլ երկրների կողմից, դժվար կլինի ոչ միայն դադարեցնել ներկայիս համաճարակը, այլեւ նրա թողած ժառանգությունը կշարունակի թունավորել միջազգային հարաբերությունները հետագա տարիների ընթացքում:

Սակայն, յուրաքանչյուր ճգնաժամ նաեւ հնարավորություն է: Մենք պետք է հուսանք, որ ներկայիս համաճարակը կօգնի մարդկությանը գիտակցել գլոբալ անհամաձայնության սուր վտանգը: Մարդկությունը պետք է ընտրություն կատարի: Արդյո՞ք մենք կընթանանք անհամաձայնության ճանապարհով, թե՞ կընդունենք գլոբալ համերաշխության ուղին:

Եթե մենք ընտրենք անհամաձայնությունը, դա ոչ միայն կերկարաձգի ճգնաժամը, այլ, հավանաբար, հետագայում կհանգեցնի էլ ավելի վատ աղետների: Եթե մենք ընտրենք գլոբալ համերաշխությունը, ապա դա կլինի հաղթանակ ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլեւ ապագա բոլոր համաճարակների եւ ճգնաժամերի դեմ, որոնք կարող են սպառնալ մարդկությանը 21-րդ դարում:

Հոդվածի ընդլայնված տարբերակը հասանելի է Մեդիամաքս-ի կայքում։
Դիտում՝ 2118
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW