ԿԲ-ն արձագանքում է գնաճային ճնշումներին

05.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ www.banks.am պորտալին

- ԿԲ խորհուրդը երեկ բարձրացրել է վերաֆինանսավորման ռեպո տոկոսադրույքը: Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը:

- Այն պայմանավորված է տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումներով: Ինչպես գիտեք, 2007թ-ի ընթացքում մենք ունեցել ենք նշանակալից տնտեսական աճ` 13.7 տոկոս, և դրան զուգահեռ զգալիորեն աճել են թե’ բնակչության եկամուտները, թե’ նրանց ծախսերը (բնակչության դրամական եկամուտներն աճել են 25,7 տոկոսով, իրական տնօրինվող եկամուտները` 19.2 տոկոսով): Սա նշանակում է պահանջարկի էական աճ և դա ունի զգալի գնաճային ներուժ: 2008 թ. ընթացքում 2007թ-ի համեմատ, ավելի ընդլայնողական է լինելու բյուջեի ազդեցությունը, այսինքն, պետության կողմից ծախսերը ևս խթանելու են տնտեսությանը, իսկ դա նույնպես բերում է գնաճային որոշակի ճնշումների: Բնականաբար, մենք պետք է արձագանքենք այս զարգացումներին:

- ԿԲ մամլո հաղորդագրությունում շեշտադրում է արված համաշխարհային շուկաներում ձևավորված խնդիրների վրա:

- 2007թ. ընթացքում, ինչպես գիտեք, միջազգային ֆինանսական շուկաներում կարևոր խնդիրներ առաջացան` կապված ԱՄՆ հիպոթեկային շուկայի ճգնաժամի և դրանից բխող իրացվելիության ճգնաժամի հետ, որոնք զուգորդվեցին նաև ապրանքների, մասնավորապես, նավթի և մթերքների թանկացումներով: Այս տեսակետից բավականին հետաքրքիր էր հոկտեմբեր-նոյեմբերը, երբ միաժամանակ բարձրացան ձեթի, կարագի, հացի և այլ ապրանքների միջազգային գները: Եվ դա գրեթե բոլոր երկրներում բերեց գնաճի: Անգամ Չինաստանում, ուր երկար ժամանակ գնաճ չկար, 2007-ին եղել են որոշակի գնաճային զարգացումներ: Գնաճը բարձրացավ ՌԴ-ում, եվրոպական երկրներում, ԱՊՀ երկրներում:

Բոլորը գիտեն, որ տարածաշրջանում ՀՀ գնաճն ամենացածրն էր` 6.6 տոկոս, երբ հարևան Վրաստանում կամ Ադրբեջանում այն եղել է 12, 18 տոկոս: ՌԴ-ն երկար տարիներ փորձում էր մտնել մինչև 10 տոկոս գնաճի տիրույթը, բայց անցյալ տարվա 9.8 տոկոսից գնաճն այս տարի էապես բարձրացավ:

Դրանից բացի, պետք է հաշվի առնել որ միջազգային ֆինանսական շուկայում առաջացած վերոհիշյալ խնդիրները բերեցին նրան, որ տնտեսությունը խթանելու համար ԱՄՆ ՖՊՀ-ը շատ կարճ ժամկետում զգալիորեն կրճատեց տոկոսադրույքները: Եվրոպայի կենտրոնական բանկի հետ միասին ԱՄՆ ՖՊՀ-ն նաև իր շուկայական գործարքներով լրացուցիչ իրացվելիություն տվեց շուկաներին, ինչը համաշխարհային շուկայում ավելացնելով իրացվելիությունը, մեծացրեց նաև գնաճային ճնշումները:

- Իսկ ԿԲ-ն ունի՞ որոշակի կանխատեսումներ այն մասին, թե ինչպիսին են լինելու գնաճային ճնշումներն այտ տարվա ընթացքում:

- Ընդհանուր առմամբ, հատկապես 2008-ի վերաբերյալ միտումները պետք է տեղավորել ավելի լայն միտումների մեջ. մոտակա տարիներին ենթադրվում է, որ պետք է տեղի ունենա հումքային ապրանքների, մասնավորապես, բնամթերքների և մետաղների և այդ տիպի ապրանքների գների աճ: Այս առումով, օրինակ, Ալան Գրինսպենն իր վերջին գրքում ասում է, որ մենք մտնում ենք մի դարաշրջան, որտեղ գնաճային ճնշումները դեռ երկար լինելու են մեզ հետ: Թե ինչպիսի՞ն կլինեն հատկապես ավելի երկարատև ժամանակահատվածում գնաճային ճնշումները... դեռ ժամանակը ցույց կտա:

2007-ի վերջին շատերը ենթադրում էին, որ գնաճային ճնշումները 2008-ին կարող էին թուլանալ: Սակայն այժմ, ԱՄՆ տնտեսության կրճատման ակնհայտ սպառնալիքի և ԱՄՆ ՖՊՀ ագրեսիվ գործողությունների ներքո նման հույսեր կարծես թե շատ քիչ են, և հիմնականում միջազգային փորձագետներն այն կարծիքին են, որ նշված գնաճային ճնշումները շարունակվելու են նաև 2008-ին:

- Օգտվելով առիթից, կխնդրեինք մեկնաբանել փետրվարի 2-ին “Առավոտ” օրաթերթում տպագրված “Ազատություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը, որտեղ մի շարք մեղադրանքներ էին հնչեցվել ԿԲ-ի հասցեին:

- Թերևս այդ հարցազրույցը կարելի է դիտարկել նախընտրական պայքարի տրամաբանության մեջ, որի մեջ ԿԲ-ին պետք չէ ներքաշել: Ճիշտ ասած, չէի ցանկանա, որ ԿԲ մեկնաբանություններին քաղաքական երանգ տրվեր եւ ուղղակի կանդրադառնամ զուտ փաստերին, որոնք վերաբերում են ԿԲ-ին:

Պարոն Բագրատյանի հարցազրույցը պարունակում է ակնհայտորեն սուտ տեղեկատվություն:

Հարցազրույցը պարունակում էր դրույթներ երեք բանկերի` “Արդշինինվետսբանկի”, “Ագրոբանկի” և “Խնայբանկի” վաճառքի վերաբերյալ: Երեքի վերաբերյալ էլ կար ակնհայտ ապատեղեկատվություն: Ես շատ կարճ նշեմ դրանք: Մասնավորապես. “Խնայբանկի” մասնավորեցման հետ ԿԲ-ն կապ չի ունեցել: “Խնայբանկի” մասնավորեցումը կատարվել է սեփականատիրոջ` այն է, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

Երկրորդ, “Ագրոբանկը” չի սնանկացվել, այն ինքնալուծարվել է, որովհետև սեփականատերը որոշել է վաճառել բանկը: Բանկը գնացել է ինքնալուծարման, ԿԲ-ն սնանկացման վարույթ “Ագրոբանկի” նկատմամբ երբեք չի սկսել:

Երրորդ. խնդրահարույց “Արդշինբանկը” վաճառվել է այդ նպատակի համար միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկված մի մեթոդով, որը համաշխարհային պրակտիկայում կոչվում է ակտիվների վաճառք և պարտավորությունների ստանձնում (purchase and assumption): Վաճառքը եղել է խիստ թափանցիկ, հանձնաժողովը հրավերներ է ուղարկել Հայաստանի բոլոր բանկերին, ինչպես նաև բոլոր ցանկություն հայտնած ներդրողներին: Հանձնաժողովում, բացի ԿԲ աշխատակիցներից, ընդգրկված են եղել նաև ԱՄՆ ՄԶԳ խորհրդատուն, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը: Հանձնաժողովի բազմաթիվ քննարկումներին հրավիրվել են նաև պատգամավորներ, "Արդշինբանկի" ակտիվները գնելու և պարտավորությունները ստանձնելու հայտ ներկայացրած ՀՀ առևտրային բանկերը:

Ինչ վերաբերում է ԿԲ կողմից տրամադրված համակարգային վարկին, ապա այն տրվել է շատ ավելի վաղ, խարդախության բացահայտման պահին` դեռևս վաճառքի հնարավորությունը քննարկելուց մեկ տարի առաջ, և կոչված է եղել ապահովելու բանկային համակարգի կայունությունը: “Արդշինբանկի” խնդիրները ծագել են հենց խարդախության արդյունքում, և այլ պատճառներ փնտրելն աբսուրդ է: Համակարգային վարկի մոտ 80 տոկոսն արդեն իսկ ետ է վճարված, և մենք աշխատանքներ ենք տանում մնացածը ևս ետ բերելու համար: Սա ընդամենը տեղեկատվություն է, ես չէի ցանկանա ավելին ասել:

- ԿԲ-ն մտադի՞ր է որեւէ գործընթաց նախաձեռնել այդ հայտարարությունների վերաբերյալ:

- Քանի որ հարցազրույցը պարունակում է ակնհայտորեն սուտ տեղեկատվություն, ԿԲ իրավաբանները պատրաստում են հայց` հարցազրույցում պարունակվող զրպարտիչ տեղեկությունների առնչությամբ դատարան դիմելու համար:

Դիտում՝ 7621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW