Այսօր Երեւանում պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցության ամենախոշոր՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ գյուղատնտեսությունը պետք է դիտվի ոչ թե որպես զբաղմունք ֆերմերների համար, այլ որպես եկամտաբեր բիզնես: «Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի ստեղծենք կայուն միջավայր նոր գյուղատնտեսական բիզնեսների բարգավաճման համար, որպեսզի վերջիններս դառնան նաեւ այն քարշակ ուժը, որը բիզնեսը կտանի այս ուղղությամբ»,- ընդգծել է նա: Արման Խոջոյանը հավելել է, որ մեկնարկող ծրագրի բաղադրիչներից է օրգանական գյուղատնտեսության զարգացումը, որը չունի մարզային սահմանափակում:«EU-GAIA ծրագիրը համահունչ է մեր ընդհանուր նպատակին՝ նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր եւ համաչափ ներառական զարգացմանը կանաչ գյուղատնտեսության խթանման եւ տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով»,- նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի նպատակն է աջակցել կայուն, ներառական, նորարարական եւ շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Լոռիում, Տավուշում եւ Շիրակում:Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվում եւ իրականացվում՝ Ավստրիայի զարգացման գործակալության եւ մասամբ` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Հայաստանի կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է €11,7 մլն: Tweet Դիտում՝ 2885