Deutsche Bank-ը 10 տարի առաջ է «նայել»

03.02.2020 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deutsche Bank #DB Research
Deutsche Bank-ի վերլուծական կենտրոնը (DB Research) հրապարակել է «Աշխարհը 2030 թվականին» կանխատեսումների ժողովածուն, որտեղ ներկայացված են «ոչ սովորական նկատառումներ» երկրագնդի սոցիալ-քաղաքական եւ տնտեսական զարգացումների հնարավոր շրջադարձերի վերաբերյալ:

Deutsche Welle-ի ռուսական խմբագրության հրապարակման հիման վրա ներկայացնում ենք վերլուծաբանների որոշ կանխատեսումները:

2020-ականների վերջին կարող են «վերջնականապես թուլանալ» այն ուժերը, որոնք աջակցում են ներկայիս համաշխարհային արժութային համակարգինը, որի հիմքում ֆիդուցիար կամ ֆիատային փողերն են:

Դրանք ոսկով կամ արծաթով չապահովված փողերն են, որոնց արժեքը որոշվում է բացառապես դրանց թողարկած պետությունների եւ կենտրոնական բանկերի  հավատով՝ երաշխավորել դրանց արժեքը, պաշտպանել արժեզրկումից գնաճի պայմաններում: Սակայն ամբողջ աշխարհով պետությունների կուտակած ռեկորդային պարտքը թուլացնում է այդ համակարգի նկատմամբ վստահությունը: Ուստի, DB Research-ը 2030թ. կանխատեսում է «այլընտրանքային արժույթի»՝ ոսկու կամ կրիպտոարժույթի նկատմամբ պահանջարկի աճ:

*****

Այս տասնամյակում տեղի կունենա կրիպտոարժույթների զանգվածային տարածում, դրանք կդադարեն զուտ լրացում լինել եղած դրամական միավորներին եւ ժամանակի ընթացքում կդառնան «21-րդ դարի կանխիկ փողը»:

Վիրտուալ փողերի ճանապարհին հիմնական խոչընդոտները ստեղծում են կարգավորիչները, բայց դա կարող է փոխվել: Վճռորոշ նշանակություն կունենա աշխարհի ամենաբնակեցված երկու երկրների՝ Չինաստանի եւ Հնդկաստանի դիրքորոշումը: Դրանց կառավարությունները հենց այսօր սկսել են վերանայել իրենց բացասական վերաբերմունքը կրիպտոարժույթների նկատմամբ:

*****

Անօդաչու տեխնոլոգիաները, «չնայած ներկայիս հայփի», 2030թ. դեռ չեն հասցնի հաղթահարել մեծաքանակ խոչընդոտները հաջողակ կոմերցիալիզացիայի ճանապարհին: Միաժամանակ, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները 2020-ականներին կկազմեն մարդատար մեքենաների գլոբալ վաճառքների հինգերորդ մասը, իսկ 2040թ.՝ կեսը:

Մոտավորապես 2030թ. կարող է իրականանալ թռչող ավտոմեքենաների մասին դարավոր երազանքը, կարծում են Deutsche Bank-ի փորձագետները: Միաժամանակ՝ նրանք համոզված են, որ սպասվում է կոմերցիոն անօդաչու թռչող սարքերի բում, այնպես որ տասնամյակի վերջին միայն ԱՄՆ-ի երկինք կկարողանա բարձրանալ 6,5 մլն դրոն:

*****

DB Research-ում համոզված են, որ «արհեստական բանականության հետագա զարգացման ճանապարհին ամենադժվար խնդիրը կդառնա բարոյական հարցերին պատասխան տալը, որոնց անհնար է պատասխանել՝ հաշվի առնելով բարոյական եւ մշակութային նորմերը»:

Այդ իսկ պատճառով ե՛ւ բիզնեսին, ե՛ւ օրենսդիրներին անհրաժեշտ կլինեն հումանիտար մասնագետներ՝ փիլիսոփայական կրթությամբ եւ մտածելակերպով, որոնք կկարողանան զգալ լեզվաբանական եւ մշակույթային նրբությունները:

*****

Վարձու աշխատակիցների դիրքերի աստիճանաբար ուժեղացումը կարող է բերել նրան, որ 2020-ականներին կյանքի կկոչվի 6-ժամյա աշխատանքային օրվա պահանջը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսի ներդրվել ընտրողաբար: Դրանից կշահեն նաեւ գործատուները, քանի որ նրանց աշխատակիցները ավելի քիչ կհիվանդանան, իսկ աշխատանքի արդյունավետությունը եւ հաճախորդների բավարարվածությունը՝ կաճի:
Դիտում՝ 5109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW