«Լիդիան»-ը ներկայացրել է հնագիտական աշխատանքների արդյունքը

31.01.2020 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա #Ամուլսար
«Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ, ներկայացնում է «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում տարիներ տեւած ելակետային տվյալների հավաքագրման, պեղումների ու պատասխանատու աշխատանքի արդյունքները:

«Ըստ մամուլի հրապարակումներից մեկի` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին քննարկվելու են ներդրումներից բացի Ամուլսարում հնագիտական աշխատանքների արդյունքները: Իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքը չի կարող շահագործվել, քանի որ այնտեղ հայտնաբերվել են պատմամշակութային արժեքներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ պատգամավորը չունի համապատասխան տեղեկատվություն եւ մասնագիտական փորձառություն՝ հակիրճ ներկայացնենք «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում տարիներ տեւած ելակետային տվյալների հավաքագրման, պեղումների ու պատասխանատու աշխատանքի արդյունքները»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Ընկերությունը միաժամանակ հույս է հայտնում, որ «ԱԺ քննիչ հանձնաժողովը նման ջանասիրությամբ կիրականացնի ուսումնասիրություններ Հայաստանում գործող այլ հանքավայրերում, օրինակ՝ Մղարթում, եւ հնագիտական աշխատանքների արդյունքները կներկայացնի հանրությանը»:

- Հնագիտական աշխատանքներն Ամուլսարում իրականացվել են տեղական եւ միջազգային չափանիշներով։ Ավելի քան 8 տարի տեւած աշխատանքների ամբողջ արժեքը կազմել է 130 մլն ՀՀ դրամ: 2010-2018 թթ. բարձր լեռնային պայմաններում հետազոտվել է շուրջ 15 000 հա մակերես ընդգրկող տարածք: Համատարած հետազոտման՝ տեղանքի «սանրման» միջոցով ուսումնասիրվել են առկա բոլոր պատմամշակութային բացահայտ եւ հնարավոր հուշարձանները, արձանագրվել եւ հավաքվել են վերգետնյա հնագիտական գտածոները: GPS համակարգով նշահարվել են հնարավոր հուշարձանները, վերգետնյա գտածոները եւ կոթողները: Կազմվել են դրանց քարտեզներ: Պեղվել են 65 պատմամշակութային հուշարձաններ:

- Արհեստավարժ ճարտարապետների կողմից չափագրվել են պեղված հուշարձաններ: ՀՀ եւ արտերկրի լաբորատորիաներում կատարվել են գտածոների ռադիոածխածնային, հնակենդանաբանական, հնամարդաբանական, սպեկտրալ եւ այլ տարրալուծումներ: Կազմվել են հետազոտությունների գիտական հաշվետվությունները եւ ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարություն:

- Արտերկրի եւ Հայաստանի հանրապետության գիտական ամսագրերում հրատարակվել են հոդվածներ: Այս աշխատանքներին ներգրավվել են միջազգային եւ տեղական փորձառու մասնագետներ՝ Environmental Resource Management-ի եւ Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից:

- Արդյունքները ներառվել են ՇՄԱԳ հաշվետվությունում, եւ կազմում են «Լիդիանին» տրված օրինական թույլտվությունների հիմքի մի մասը, ուստի ոչ մի նոր բան չի բացահայտվել:

- Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության՝ Ծրագրի առաջարկվող տարածքում կամ Ծրագրի տարածքից 50մ շառավղով հայտնաբերվել է 81 հավանական հնագիտական հուշարձան:

- Հողաշինարարական աշխատանքների ընթացքում պեղումները վերահսկվել են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ներկայացուցչի կողմից:

- «Լիդիանը» միակ հանքարդյունաբերական ընկերությունն է, որը դաշտային հողաշինարարական աշխատանքների ընթացքում կիրառել է միջազգային պրակտիկայում ընդունված պատահական գտածոների ընթացակարգը:

- Ընկերության տարածքում իրականացված փրկարարական պեղումների ընթացքում հայտնաբերվել են երկու պատմամշակութային արժեք հանդիսացող հնագիտական օբյեկտներ, որոնց համար ընկերությունը սահմանել է պահպանման գոտի եւ պարտավորվել է որեւէ միջոցառում չիրականացնել, որը կարող է վնասել հավանական հուշարձան հանդիսացող օբյեկտը եւ այդ մասին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը:
Դիտում՝ 1670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW