«Լիդիանը» Ամուլսարի հարակից համայնքներին է վճարել $930 000

12.12.2019 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա
«Լիդիան Արմենիա» ընկերությունն ամեն տարվա ավարտին հրապարակում է համայնքային բյուջեներ կատարված վճարումները:

Ընկերության հաղորդագրությունում ասված է.

««Լիդիանի» մուտքն Ամուլսարի տարածք ապօրինի շրջափակված է 2018թ. հունիսից ի վեր: Չնայած դատարանի որոշմանը, որ պատկան մարմինները պարտավոր են վերականգնել «Լիդիանի» անխափան մուտքն Ամուլսարի տարածք, ճանապարհները շարունակում են մնալ շրջափակված: Այնուամենայնիվ, «Լիդիանը» շարունակել է իրականացնել պայմանագրային իր պարտավորությունները եւ կատարել է հողի վարձակալության վճարումները համայնքային բյուջեներ:
 
2019թ. համայնքներին ընդհանուր վճարվել է 930 797 դոլարին համարժեք դրամ, որից՝
 
Ջերմուկ/Գնդեվազ – 408 228 դոլար
Զառիթափ/Սարավան – 268 726 դոլար
Գորայք – 253 844 դոլար
 
2008-2019 թթ. «Լիդիանը» նշված համայնքներին հողի վարձակալության դիմաց վճարել է ընդհանուր ավելի քան 6 մլն դոլար:
 
ՀՀ օրենսդրության համաձայն՝ ընկերությունը որեւէ իրավունք կամ լծակ չունի վերահսկելու, թե ինչպես են ընկերության կողմից վճարված գումարները օգտագործվում տեղական համայնքների եւ վարչական մարմինների կողմից: Այնուամենայնիվ, համայնքի բնակիչները իրավունք ունեն իրենց համայնքներից պահանջելու հողի վարձակալության դիմաց վճարված գումարների տնօրինման վերաբերյալ թափանցիկություն եւ հաշվետվողականություն:
 
Նախկինում որոշ համայնքներ «Լիդիանից» ստացված հողի վարձակալության վճարները ուղղել են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը: Օրինակ՝ Գորայք համայնքն ամբողջովին արդիականացրել է խմելու ջրի եւ կոյուղու համակարգերը: «Լիդիան Արմենիան» բավարար տեղեկատվություն չունի այն մասին, թե ինչ նպատակներով է ծախսվել համայնքային բյուջեներ վճարված ավելի քան 6 մլն դոլարը վերջին տարիների ընթացքում:
 
Տարեվերջին մենք նաեւ ամփոփել ենք Ամուլսարի հարակից համայնքներում արտագաղթի վերաբերյալ հասանելի տվյալները: Բոլոր համայնքներում թե՛ ժամանակավոր, թե՛ մշտական արտագաղթի զգալի աճ է գրանցվել ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր: Թե՛ մշտական, թե՛ ժամանակավոր արտագաղթածների թիվը 2019-ին 2017-ի համեմատ աճել է 2,6 անգամ (համապատասխանաբար 390/148, 90/34): Ընդհանուր 2019թ. 390 մարդ արտագաղթել է ժամանակավոր աշխատանք գտնելու նպատակով եւ 90 մարդ՝ մշտական:
 
Տվյալները հավաքագրվել են համայնքներից՝ Ջերմուկի զբաղվածության կենտրոնից եւ մյուս համայնքների տեղական կառավարման մարմիններից եւ համայնքի ներկայացուցիչներից: Պետք է նկատի ունենալ, որ արտագաղթի տվյալները կարող են տատանվել, քանի որ մարդիկ շարունակաբար տեղաշարժվում են: Ներկայացված թվերը հիմնված են տվյալ ժամանակահատվածի համար համայնքներում հասանելի հնարավորինս ստույգ տվյալների վրա: Այնուամենայնիվ, աշխատատեղերի եւ բիզնես հնարավորությունների բացակայության հետեւանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են՝ ներկայացված տվյալներից»:
Դիտում՝ 7111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW