Տուրիստական ընկերության 24-ամյա ներկայացուցիչը 50 մլն դրամ է յուրացրել

11.12.2019 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քննչական կոմիտե #տուրիստական

ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տուրիստական կազմակերպությունների ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ պարզվել է խարդախությամբ կատարված հափշտակության եւ յուրացման մեխանիզմը: Քրգործով տուժող է ճանաչվել տուրիստական կազմակերպություններից մեկը, ինչպես նաեւ՝ 55 անձ:

Երեւանի 24-ամյա բնակչուհին 2018-ի հունվարից մինչեւ նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Երեւանում գործող տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, օգտվելով իրեն ընձեռված լիազորություններից, ինչպես կազմակերպության պաշտոնական, այնպես էլ իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունից ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներում:

Դրանց դիմաց կազմակերպությանը դիմած քաղաքացիներից կանխիկ եւ անկանխիկ եղանակով, մաս-մաս ստացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9 610 515 դրամ հանելով ընկերության գույքային ընդհանուր ֆոնդից, յուրացրել է՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Պարզվել է նաեւ, որ 24-ամյա աղջիկը, միաժամանակ զբաղեցնելով Երեւանում գործող մեկ այլ տուրիստական ընկերության տնօրենի պաշտոնը եւս, շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

2018-ի հոկտեմբերից մինչեւ 2019-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում, տարբեր պետություններ մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերելու, տրանսֆերներ ապահովելու եւ հյուրանոցներ ամրագրելու համար իրեն դիմած 55 քաղաքացիներից խաբեությամբ, ապօրինի, շահադիտական նպատակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 40 526 125 դրամ։

Քննության տվյալներով՝ 24-ամյա աղջիկը, ձեռք բերելով հիշյալ քաղաքացիների վստահությունը եւ առաջարկելով շուկայականից էականորեն տարբերվող էժան գին, կնքել է ծառայությունների մատուցման ձեւական պայմանագրեր՝ ի սկզբանե նպատակ ունենալով քաղաքացիներից հափշտակել ավիատոմսեր գնելու, հյուրանոցի վարձավճարը կատարելու եւ տրանսֆերները ապահովելու համար նախատեսված գումարը՝ չկատարելով իր կողմից ստանձնած պարտավորությունները:

Այնուհետեւ խաբեությամբ, այն է՝ խեղաթյուրելով իրականությունը, ներկայացրել է, թե, իբր, արդեն կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի եւ ավիատոմսերի ամրագրումները, ինչի դիմաց քաղաքացիներից առձեռն կամ բանկային փոխանցմամբ ստացել ու հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Դիտում՝ 1653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW