ՀԲ նոր վարկը կօգնի Հայաստանում մրցունակության խթանմանը

22.11.2019 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #վարկ
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է €45,8 մլն ($50 մլն) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար:  

Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային եւ հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առեւտրին միտված եւ որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով եկամուտների ներգրավման եւ հանրային ներդրումների արդյունավետությունը եւ հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները եւ արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:

«Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման եւ կոռուպցիայի դեմ 2018 թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ եւ պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը, զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով, առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է  մրցակցության բարելավումը եւ տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության եւ արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները»,- ասված է հաղորդագրությունում:

«Սույն գործառնությամբ սահմանվում է կառավարման առանցքային բարեփոխումների, սկզբնական քայլերի առաջնահերթությունը, որոնք մի շարք ոլորտներում հիմք են ստեղծում երկարաժամկետ բարեփոխումների համար»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

«Այն խարսխված է կառավարության 2019–23  թթ. ծրագրի եւ բանկի 2019-23 թթ. երկրի հետ գործընկերության շրջանակի վրա, որն ընդգծում է կառավարումը որպես փոխհատվող հենք: Դրա առանցքում բարձր ռազմավարական նշանակությամբ, ազդեցությամբ եւ բարեփոխումների կայունությամբ ոլորտներն են, որտեղ այն կարող է օժանդակել ավելի խորը փոփոխությունների կառուցվածքային տարրերին»,- հավելել է նա:

Շուկայական մրցակցության թիրախավորումն, օրինակ,  իրականացվում է  պետական աջակցության հսկողական համակարգի ներդրման, հարկային վարչարարության ավելի թափանցիկ եւ կանոնահենք  համակարգի զարգացման, օրենքների եւ կարգավորումների որակի ու արդյունավետության բարձրացման եւ արդյունավետ ու ռիսկահենք մաքսային կառավարում սահմանող միջամտությունների միջոցով:

Հարկաբյուջետային կոնսոլիդացմանը եւ ծախսերի արդյունավետությանն օժանդակում են հարկային վարչարարության բարելավման եւ հանրային ներդրումների կառավարման ավելի ամբողջական համակարգի ստեղծման միջոցառումները: Հանրային հատվածի կառավարման բարելավումները կամրապնդվեն հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթին աջակցմամբ եւ արդարադատության ոլորտի եւ քաղաքացիական ծառայության կատարողականի կատարելագործմամբ:

«Բանկի համապարփակ գնահատմամբ պետական աջակցության հսկողական համակարգի բացակայության հարցը վեր հանվեց որպես Հայաստանում առողջ մրցակցության հիմնական խոչընդոտներից մեկը: Պետական աջակցության եւ խթանների  տրամադրման հարցում մրցակցության չեզոքությունը խրախուսող միջոցները դեռեւս ներդրված չեն՝ մրցակցային դաշտի համահավասարեցման, շուկա ազատ մուտքի եւ ելքի խրախուսման եւ նախկինում որոշ ընկերություններին տրամադրած ոչ պաշտոնական առավելությունների պաշտոնականացված առավելություններով փոխարինումը կանխելու համար»,- ասել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ժընվիեեւ Բուողուն:

Համաշխարհային բանկի՝ կլիմայի փոփոխության մեղմմանը եւ հարմարվողականությանն ուղղված գլոբալ պարտավորության շրջանակում սույն գործառնությամբ եւս աջակցություն կցուցաբերվի կլիմայի փոփոխության վրա նոր կարգավորումների ազդեցության գնահատմանը՝ կարգավորման ազդեցության գնահատման համակարգի իրականացման շրջանակում:
Դիտում՝ 4872
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW