Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն այսօր մեկնաբանել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ այս օրերին հնչող հայտարարությունները:Նրա մեկնաբանությունում մասնավորապես ասված է. «Կարծում եմ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ օրենքի նախագիծը ոչ թե արգելում կամ սահմանափակում է «Հայոց լեզվի», «Հայ գրականության» եւ «Հայոց պատմության» առարկաների դասավանդումը, այլ դրանց դասավանդումը համարում է ոչ պարտադիր: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր բուհ կարող է ինքնուրույնաբար որոշել, թե որքանով է այս կամ այն առարկան ծառայում մասնագիտության եւ կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձեւավորմանը: Գործող օրենքը պարտադիր համարելով այդ առարկաների դասավանդումը, այնուամենայնիվ որեւէ ժամաքանակ դրանց դասավանդման համար չի սահմանում, ինչը նշանակում է, որ որոշ բուհերում առարկան կարող է դասավանդվել 1 կիսամյակ, մյուսներում՝ 4: Ավելին՝ նույնիսկ տնտեսագիտություն մասնագիտության տարբեր ուղղությունների համար հայոց լեզվի դասավանդումը կարող է ունենալ տարբեր նշանակություն: Եթե, օրինակ, կառավարման, մարքեթինգի մասնագետների համար այն մեծ անհրաժեշտություն ունի՝ ընդհուպ մինչեւ հռետորական արվեստին տիրապետելը, ապա հաշվապահների եւ վիճակագիրների համար այդպես չէ: Ուստի, այս հարցը բուհերի ինքնավարության շրջանակում է, որը ավելի ընդունելի մոտեցում է, քան պարտադրանքը»: Tweet Դիտում՝ 2176