2019թ․ սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ն եւ նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը եւ վճռել հօգուտ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության բանկից բռնագանձել շուրջ 22 մլն դոլարին համարժեք գումար։ Հայաստանի բանկերի միությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ: «Բանկերի միությունը, ուսումնասիրելով դատարանի վճիռն ու ծանոթանալով գործի մանրամասներին եւ փաստական հանգամանքներին, ինչպես նաեւ քաջատեղյակ լինելով «Բ․Մ․Լ․Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գեւորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող եւ հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին, մտահոգություն է հայտնում դատարանի նման վճռի առնչությամբ։Բանկերի միությունը գտնում է, որ գործը քննելիս դատարանը չի ելել արդարադատության բուն էությունից, ըստ ամենայնի, անտեսել է մի շարք էական հանգամանքներ եւ չի բացահայտել կարեւորագույն փաստեր Գեւորգ Աֆանդյանի գործելաոճի վերաբերյալ, ինչպես նաեւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ գործի հետ կապը, արդյունքում ընդունելով մի վճիռ, որը՝- աննախադեպ է Հայաստանի բանկային համակարգի գործունեության ողջ պատմության մեջ,- ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ ուղի հարթելով անբարեխիղճ տնտեսվարողների կողմից նման շինծու դատական հայցերի միջոցով բանկերից գումար կորզելու համար,- հարվածի տակ է դնում հայաստանյան կայացած բանկային համակարգն առհասարակ,- վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ գոտու վարկանիշը։Հայաստանի բանկերի միությունը Գ․Աֆանդյանի՝ հայաստանյան բանկերի հետ ունեցած դատական յուրաքանչյուր, եւ հատկապես ամենախոշոր՝ «ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ի հետ վեճը պահելու է ուշադրության կենտրոնում՝ մշտապես հետեւելով իրադարձությունների զարգացման ընթացքին։ ՀԲՄ-ն հրավիրում է նաեւ պատկան մարմինների ուշադրությունը՝ գործի բազմակողմանի քննման, իրական փաստերի բացահայտման, տվյալ անձի եւ նման գործելաոճ որդեգրած մյուսների վարքագծին պատշաճ իրավական գնահատական տալու համար:Միությունը վերաքննիչ դատարանից ակնկալում է գործի անաչառ քննություն եւ արդարացի որոշման կայացում»: Tweet Դիտում՝ 17240