20.09.2019թ․-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն եւ նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ Անելիք Բանկի 22 մլն․ ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով վճիռը։Խնդիրը սկիզբ է առել 2017 թվականի հոկտեմբերին, երբ «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի սնանկության կառավարիչը հայց է ներկայացրել ընդդեմ «Անելիք բանկ»-ի այն հիմքով, որ Բանկը «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ին պատկանող գրավի առարկան բռնագանձելուց հետո խախտել է դրա գնման նկատմամբ ընկերության նախապատվության իրավունքը։ Այսինքն՝ ըստ ձեռք բերված նախնական համաձայնության Բանկը պարտավորվել էր գրավի առարկա բռնագանձված գույքը 2 տարվա ընթացքում օտարել «Բ․Մ․Լ․ ԱՐԶՆԻ» ընկերությանը կամ դրա կողմից նշված անձին։ «Անելիք բանկ»-ը, սակայն, երկու տարբեր հաշվարկներով՝ 1,5 տարի հետո կամ կես տարի հետո գույքը վաճառել է մի ընկերության, ինչի հետեւանքով, ըստ «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի սնանկության կառավարիչի, Բանկը պետք է վճարեր համաձայնագրով ամրագրված տույժը գույքի արժեքի հնգապատիկի չափով՝ մոտ 22 մլն. ԱՄՆ դոլար։ Բանկն իր հերթին պնդում է, որ գույք ձեռք բերող ընկերությունը, որում «Բ․Մ․Լ․ ԱՐԶՆԻ» ընկերության իրական շահառու Գեւորգ Աֆանդյանի որդին առանց որեւէ ներդրման ստացել էր 33% մասնաբաժին, ստեղծվել էր Գ․Աֆանդյանի համաձայնությամբ՝ գույքի օտարման նպատակով։ Այսինքն, գույքն, ըստ էության, օտարվել է, ճիշտ է, ժամանակից շուտ, բայց «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ի իրական շահառուհի՝ Գեւորգ Աֆանդյանի կողմից նշված անձին, ուստի Բանկը որեւէ պայման չի խախտել եւ չի պատրաստվում վճարել տույժը։ Գ․Աֆանդյանը շարունակում է պնդել, որ նախ՝ գույքի օտարման համաձայնությունը պետք է տար ոչ թե ինքը, այլ՝ սնանկության կառավարիչը, եւ երկրորդ՝ ինքն օտարման այս տարբերակի հետ համաձայն չի եղել, չնայած որ բոլոր փաստաթղթերի տակ դրված է իր որդու ստորագրությունը։ Դատական գործի շրջանակներում 2018թ. մարտին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Անելիք բանկից բռնագանձել այդ 22 մլն. ԱՄՆ դոլարը, սակայն 2018թ. հուլիսին Վերաքննիչ դատարանը գտել է, որ նախ՝ գործը չպետք է քննվեր սնանկությունը քննող դատարանի կողմից, եւ երկրորդ՝ դատարանը չի բացահայտել գործարքով կողմերի իրական կամքը, որն էական հանգամանք է սույն գործով։ Արդյունքում վճիռը բեկանվել է եւ ուղարկվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության, որի ընթացքում «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ։ Գործն ամբողջությամբ քննվել է դատավոր Գ. Մազմանյանի կողմից, եւ վճիռը կհրապարակվի ս.թ. սեպտեմբերի 20-ին։Դատալեքս տեղեկատվական համակարգում առկա են մի շարք դատական գործեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են «Արզնի» հանքային ջրերի գործարանին, իսկ Գեւորգ Աֆանդյանի անունը շրջանառվում է նաեւ ՀՀ տարածքում գործող մի շարք այլ բանկերի եւ տնտեսվարող սուբյեկտների հետ կապված դատական գործերում։ Tweet Դիտում՝ 2100