Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը Banks.am-ին է տրամադրել իր հետազոտությունը, որում անդրադարձել է շինարարության դինամիկային 2018-2019 թթ. առաջին կիսամյակում:«2019թ. առաջին կիսամյակում 2018թ. նույն կիսամյակի համեմատ շինարարության ծավալներն աճել են 4,7%-ով՝ կազմելով շուրջ 131 մլրդ դրամ: Թեպետ դիտարկվող ժամանակահատվածում աճը կազմել է 4,7%, սակայն վերջինս պայմանավորված է առաջին եռամսյակի ծավալների 10,8% աճով, քանի որ երկրորդ եռամսյակում 2018թ. նույն եռամսյակի համեմատ աճը կազմել է ընդամենը 1,4%: Իր հերթին, առաջին եռամսյակի աճը պայմանավորված է 2019թ. հունվար-փետրվար ամիսներին արձանագրված 20%-ը գերազանցող աճով 2018թ. նույն ամիսների համեմատ, որից հետո 2019թ. մարտ-հունիս ամիսներին չի գերազանցել 2%-ը: 2019թ. հունվար-փետրվարին շինարարության աճը 2018թ. նույն ամիսների համեմատ, բացատրվում է բյուջեի հաշվին (առավելապես միջազգային վարկերի) իրականցվող աշխատանքների ծավալների 75,9%, եւ բնակչության միջոցներով իրականցվող շինարարության ծավալների 19,6% աճով»,- ասված է հետազոտությունում: Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ապա շինարարության ծավալների 48%-ն իրականացվել է կազմակերպությունների միջոցներով, 27%-ը՝ բնակչության միջոցներով: Թեպետ շինարարության ծավալների 23%-ը իրականացվել է պետական բյուջեի հաշվին, սակայն վերջինիս գերակշիռ մասը՝ 77%-ը, իրականացվել է միջազգային վարկերի հաշվին եւ միայն 23%-ը՝ բյուջեի հաշվին: «Հետաքրքրական է նկատել, որ թեպետ շինարարության ծավալների 48%-ը ֆինանսավորվել է կազմակերպությունների կողմից, սակայն վերջինիս ծավալները 2018թ.-ի առաջին կիսամյակի նկատմամբ աճել են միայն 3,5%-ով, քանի որ ՀՀ ներդրողների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճին զուգահեռ զգալիորեն՝ 19,8%-ով կրճատվել են օտարերկրյա ներդրողների կողմից իրականցվող շինարարական աշխատանքների ծավալները: Սա նշանակում է, որ դեպի ՀՀ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների կրճատումը բացասաբար է ազդել շինարարության ծավալների վրա»,- նշել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում:Շինարարության ֆինանսավորման աղբյուրների տեսանկյունից ամենամեծ աճը գրանցվել է բնակչության միջոցներով իրականցվող շինարարության ծավալների պարագայում՝ 16,6%: Միջազգային վարկերի շնորհիվ իրականացվող շինարարության ծավալների աճը կազմել է 7,5%, մինչդեռ պետական բյուջեի հաշվին շինարարության ծավալները կրճատվել են: Միջազգային վարկերի շնորհիվ իրականացվող շինարարության ծավալներում ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է ՌԴ-ից ստացված վարկային միջոցներով կատարված շինարարական աշխատանքները՝ շուրջ 6,2 մլրդ դրամ (2018թ. առաջին կիսամյակի համեմատ աճը՝ 3 անգամ), որն հիմնականում ուղղվել է էներգետիկ համակարգ: Դիտարկվող ժամանակահատվածում շահագործման է հանձնվել 38,5%-ով ավելի շատ բնակելի շենքերի մակերես, քան 2018թ. առաջին կիսամյակում՝ կազմելով 63,997 մ2, որից՝ 50,4%-ը՝ ք. Երեւանում, 24%-ը՝ Կոտայքի եւ 15,4%-ը՝ Արարատի մարզերում: «Հետաքրքրական է նկատել, որ Աղետի գոտի համարվող երկու մարզերից՝ Լոռիում կտրուկ նվազել է շահագործման հանձնած բնակելի շենքերի մակերեսը՝ 75,4%, իսկ Շիրակում կտրուկ աճ է արձանագրվել՝ 75,7%»,- նշված է հետազոտությունում: Շինարարության ծավալները, ըստ տնտեսական գործունեության տեսակների դիտարկելիս, բավականին մեծ աճ է գրանցվել էներգետիկ համակարգում՝ 52,6%, որը պայմանավորված է փոքր ՀԷԿ-երի կառուցմամբ եւ Մեծամորի ատոմակայանի վերանորոգման աշխատանքների հետ: Ամենամեծ անկումը՝ 57,2%, գրանցվել է ֆինանսական համակարգի պարագայում, որին հաջորդել է հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման կտրվածքով արձանագրված 54,9% անկումը՝ պայմանավորված հիմնականում Ամուլսարի աշխատանքների դադարեցմամբ: «Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալների 4,7% աճը հիմնականում պայմանավորված է եղել բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճով: Հետեւաբար, եթե տնտեսական աճի տեմպերը դանդաղեն եւ նոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ չներգրավեն, որի ծավալները 2019թ. I եռամսյակում 2018թ. I եռամսյակի համեմատ կրճատվել են 63,6%-ով, ապա շինարարության աճի տեմպերը կլինեն բավականին ցածր»,- ամփոփել են Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնում: Tweet Դիտում՝ 2607