Հայկական առաջին երկնաքերը կունենա 270 մետր բարձրություն

20.08.2019 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
Օգոստոսի 19-ին «Լաուրա ինվեսթմընթ» (Հայաստան) եւ «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» (Արաբական Միացյալ էմիրություններ) ընկերությունների միջեւ Երեւանում ստորագրվեց համագործակցության մտադրությունների մասին հուշագիր, որի շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել առաջին երկնաքերը՝ 270 մետր բարձրությամբ։ Banks.am-ի թղթակիցը ներկա է եղել ստորագրման արարողությանը եւ ծանոթացել ծրագրի հայեցակարգային մանրամասներին։

Բազմաֆունկցիոնալ համալիր՝ անմոռուկի տեսքով

«Լաուրա ինվեսթմընթը» ներդումներ նախաձեռնող եւ իրականացնող պատվիրատու կառուցապատող ընկերություն է, որը շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծվել է հատուկ «Անմոռուկ» բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարության իրականացման համար։ Ընկերության գլխավոր ինժեներ Սամվել Ղազարյանի խոսքով, «Անմոռուկը» ծնվել է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդ» հայտնի գծանկարի գաղափարախոսությունից։ Վերեւից նայելիս շինությունը ներկայացնում է կրկնակի պենտագրամ եւ ունի անմոռուկի տեսք։


Համալիրի ընդհանուր օգտագործման մակերեսը կազմելու է 170 հազար քառ․մետր, որից 90 հազար քմ-ն կլինի բնակելի տարածք, 20 հազարական քմ կհատկացվի գրասենյակային, կոմերցիոն-առեւտրային տարածքներին, իսկ 10 հազարական քմ՝ հյուրանոցային համալիրի, սննդի կետերի եւ ժամանցի վայրերի համար։ Նշված թվերը ենթակա են փոփոխոթյան 10-15%-ի սահմաններում։

«Եթե դիտարկենք կառուցը որպես ամբողջական ճարտարապետական անսամբլ, ապա նախատեսվում է նաեւ 2 հեկտար տարածքի վրա այգի-շատրվանային համալիրի կառուցում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով։ Այգու վերջնամասում կլինի մոտ 1500 նստատեղով ամֆիթատրոն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից համահայկական միջոցառումներ անցկացնելու համար»,- նշում է ընկերության գլխավոր ինժեները։

Սամվել Ղազարյանը

Սեյսմակայունություն եւ անվտանգություն

Շինության բարձրությունը հստակ է՝ 270 մետր, իսկ հարկերի քանակը ներկա փուլում նախատեսվում է 71։

«Կլինեն 4 տեխնիկական հարկեր, որտեղ ցնցումները եւ տատանումները մարող, սեյսմակայունությունն ապահովող սարքերից եւ մեխանիզմներից բացի կտեղադրվեն նաեւ ինժեներական հաղորդակցության աշխատանքներն ապահովող համակարգեր։ Այստեղ նաեւ մինչեւ փրկարար ծառայությունների օգնության հասնելը 4-ժամյա ապաստանով կապահովվեն այն մարդիկ, որ արտակարգ իրավիճակների ժամանակ չեն հասցնի տարհանվել»,- մանրամասնում է Սամվել Ղազարյանը։

Հայեցակարգով շենքի միջուկի տրամագիծը 23-25 մետր է, որում կտեղադրվեն արագընթաց վերելակները եւ չծխահարվող աստիճանավանդակներ՝ նախատեսված մարդկանց տարհանման համար։ Վերելակների քանակը կլինի 28, որից 18-ը կլինեն արագընթաց՝ 7 մ/վ եւ ավելի արագությամբ։


Սամվել Ղազարայնը կարեւոր է համարում շինության հիմքը, որն իրենց ընտրած տարածքում ժայռային է։ Այն նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի հարավային մասում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հարեւանությամբ:

Պահանջվող ներդրումային արժեքը 250 մլն ԱՄՆ դոլար է, որի 25-30%-ը կկազմի սեյսմակայունության եւ ինժեներական միշտական մոնիտորիգնի ապահովման համակարգերի ներդրումը։ Հնարավոր են նաեւ լրացուցիչ ծախսեր՝ կապված էներգակիրների ապահովման հետ։


Փոքր կենտրոնի բեռնաթափում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, ճարտարապետ Ավետիք Էլոյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ երկնաքերի կառուցումն ընդամենը ժամանակի հարց էր, վաղ թե ուշ կառուցապատողները հանգելու էին դրան։ Նա կարծում է, որ մինչեւ հիմա դա չի արվել զուտ տեխնիկական խնդիրներից ելնելով, քանի որ ակնհայտ է՝ կառուցապատողի համար այդպես ավելի եկամտաբեր է։

«Ինչպես տեսաք, շենքը կառուցվելու է Երեւանի պատմական կենտրոնից որոշակի հեռավորության վրա։ Ես համարում եմ, որ քաղաքաշինական առումով դա շատ լավ միտք է։ Կցանկանայի, որ այդ հատվածում կամ նույնիսկ քաղաքի ավելի հյուսիսային մասերում ձեւավորվեր ինչ-որ կենտրոն, որտեղ կընթանար ինտենսիվ կառուցապատում։ Դա կլինի այն միջոցներից մեկը, որ կբեռնաթափի Երեւանի Փոքր կենտրոնը»,- նկատում է նա։

Ձախից՝ Ավետիք Էլոյանը

Օրենսդրական կարգավորումներ

Ավետիք Էլոյանը նշում է, որ օրենսդրական դաշտը դեռեւս ձեւավորված չէ նման բարձրահարկ շենքերի կառուցման համար, ու նախագծի իրականացման հետ մեկտեղ պետք է կատարվեն զուգահեռ աշխատանքներ։

«Այսօրվա մեր օրենսդրությունը սկզբունքորեն թույլ չի տալիս 22 հարկից բարձր շինարարություն, սակայն դա պետք է փոխվի։ Հուսով եմ, որ այս աշխատանքի շնորհիվ մենք կստեղծենք այն օրենսդրական դաշտը, որտեղ կկարողանանք նախագծել եւ կառուցել բարձրահարկ շենքեր։ Սա կլինի տարածաշրջանում եզակի կառույց։ Այսպիսի շինարարությունը պետք է հիմնված լինի բարձր տեխնոլոգիաների կիրառման վրա, այլապես հնարավոր չէ իրականացնել նման ծավալի շինարարություն։ Սա գիտելիք է, որտեղ մենք կարող ենք ինքներս սովորել եւ հետագայում ի վիճակի կլինենք արտահանել այն տարածաշրջանի այլ երկրներ»,-մանրամասնում է նա։

Հավելենք, որ «Լաուրա ինվեսթմընթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունն ունի նմանօրինակ կառուցապատման փորձ Ճապոնիայում, իսկ 2018 թվականից համագործակցում է նաեւ ՀՀ առողջապահության նախարարության հետ։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 7824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW