Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը Banks.am-ին է տրամադրել իր հետազոտությունը, որում անդրադարձել է 2018-2019 թթ. առաջին եռամսյակի արտահանման դինամիկային: Ըստ այդմ՝ 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 8,5%-ով` կազմելով $543,92 մլն: «2019թ. առաջին եռամսյակում 2018-ի առաջին եռամսյակի համեմատ արտահանման 10 հիմնական գործընկեր-երկրների տեսակարար կշիռն արտահանման կառուցվածքում աճել է 6,53 տոկոսային կետով` կազմելով 84,2%, մինչդեռ վերջիններիս ծավալները 0,8% անկում են գրանցել՝ կազմելով $458,63 մլն»,- ասված է հետազոտությունում: Արտահանման կառուցվածքում 2019թ. առաջին եռամսյակում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել դեպի ՌԴ արտահանման ծավալներին` 25,48%, որը 2018թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 0,89 տոկոսային կետով` կազմելով 24,4%: Չնայած դեպի ՌԴ արտահանման ծավալների տեսակարար կշիռը աճել է, սակայն ընդհանուր ծավալները կրճատվել են 5,2%-ով՝ կազմելով $138,61 մլն: Արտահանման ծավալների ամենամեծ աճն արձանագրվել է դեպի Կանադա՝ 2018թ. առաջին եռամսյակի համեմատ 2019-ի առաջին եռամսյակում արտահանման ծավալներն աճել են 15,31 անգամ` կազմելով $16,64 մլն (հիմնականում պղնձի հանքաքարի արտահանման ծավալներով պայմանավորված): Միեւնույն ժամանակ, 10 հիմնական գործընկեր երկրներից Շվեյցարիայի, Իրաքի, Չինաստանի, Նիդերլանդների, Վրաստանի դեպքում եւս դրական աճ է արձանագրվել, մինչդեռ Բուլղարիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի դեպքում անկում է գրանցվել:Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2019-ի առաջին եռամսյակում ապրանքների արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը`22,5%, բաժին է ընկել պղնձի խտանյութի հանքաքարին, սակայն վերջինիս տեսակարար կշիռը 2018թ. նույն եռամսյակի համեմատ կրճատվել է 1,5 տոկոսային կետով, իսկ ծավալները 14,10% անկում են գրանցել` կազմելով $122,4 մլն: 2019-ի առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ 10 հիմնական արտահանվող ապրանքային խմբերից ամենամեծ աճը գրանցվել է ոսկերչական իրերի պարագայում` 27,12% կազմելով $9,3 մլն, որին հաջորդել են երկաթամիահալվածք` 18,07%, «Ոսկի անմշակ կամ կիսամշակ, փոշի» ապրանքային խումբը`13,01%, ինչպես նաեւ «Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր» ապրանքային խումբը` 8.83%: Ամենամեծ անկումն արձանագրվել է Էլեկտրաէներգիայի կտրվածքով` 63,44%, որին հաջորդել են ադամանդե քարը՝ 20,67%, ինչպես նաեւ «ալյումինե փայլաթիթեղներ 0,2մմ» ապրանքային խումբը՝ 14,77%:«Այսպիսով, 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 8,5%-ով, իսկ 10 հիմնական համարվող երկրների եւ ապրանքների պարագայում արտահանման ծավալների անկումը կազմել է համապատասխանաբար՝ 0,8 եւ 8,44%: Հետեւաբար, կառավարության ծրագրի համաձայն արտահանմանը միտված մրցունակ տնտեսության ունենալու տեսլականը դեռեւս մնում է անկատար»,- ասված է հետազոտությունում: Tweet Դիտում՝ 2376