Այս շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի հետ այցելել է Հայաստանի մի շարք զբոսավայրեր: Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ այցը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում նախատեսվող նախագծերի ուսումնասիրության, արդիականության եւ նպատակայնության գնահատման համար: Այցի ընթացքում ուսումնասիրվել է «Դվինի» նախագիծը, որն ուրվագծում է Դվինի` որպես հնագիտական զբոսաշրջային վայրի զարգացման հնարավորությունները։ Հաջորդիվ Սուսաննա Սաֆարյանն այցելել է Խոր Վիրապ վանական համալիր, համայնքի ղեկավարության եւ եկեղեցու հետ քննարկել տարածքի խնդիրներն ու դրանց լուծումների տարբերակները։ Մասնավորապես, ընդգծվել է տարածքի բարեկարգման` այդ թվում կայանատեղիի, վաճառքի տաղավարների, զբոսաշրջիկների կենսական կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների, լուսավորման եւ մուտքի կարգավորման կարեւորությունը։ Գնահատող թիմն այցելել է նաեւ Գորիս՝ տեղում ծանոթանալու քաղաքի նախագծով նախատեսվող ծրագրի եւ դրա առանձին բաղադրիչների արդիականությանը:Մտքեր են փոխանակել Գորիսի՝ որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորման, ինչպես նաեւ այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։ Այցելություն է եղել նաեւ Տաթեւ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով իրականացվող Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհի մշտադիտարկման նպատակով։ Սուսաննա Սաֆարյանը որոշակի դիտարկումներ է ներկայացրել ընթացող նորոգման աշխատանքների վերաբերյալ եւ, ընդհանուր առմամբ, որակը գնահատել դրական: Ճանապարհաշինության աշխատանքները կավարտվեն մեկ ամսից։Այցն ամփոփվել է Արենի գյուղում, որտեղ պետություն-մասնավոր գործընկերություն բաղադրիչի շրջանակում իրականացվում է Արենի Վայն Հոթելի շինարարությունը։ Tweet Դիտում՝ 1716