ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի: «Վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ տնտեսության արյունատար օղակները բացվել են, եւ մեզ պետք են անհատական ջանքի օրինակներ: Այստեղ կարեւորն աշխատանքը, ստեղծագործությունը, ինքներս մեզ, մեր երկրին, մեր ապագային, մեր տաղանդին հավատալն է: Յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, բացառիկ, աշխարհում եւ Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, եւ մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, որ հավատան իրենց տաղանդին»,- ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, կապիտալը: Վարչապետը նշել է, որ դժվար է գերագնահատել դրա դերը տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանում այսպես թե այնպես խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի:«Կառավարությունը նույնպես շահագրգռված է, որ խոշոր բիզնեսը հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն է, որ ձեւավորվեն նոր խոշոր բիզնեսներ: Միաժամանակ, բիզնես միջավայրի, արտերկրից ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը տաղանդավոր մարդկանց երկիր է: Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում, աջակցել խոսքով, գաղափարով, որովհետեւ Հայաստանում մեզ հաջողվել է հսկայական անհավատալի քաղաքական փոփոխություններ անել, որոնք արել ենք խոսքով եւ գաղափարով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 3072